Ընկերներով 28-ամյա երիտասարդի էին սպանել. ամիսներ անց հանցագործներից ևս մեկն է բռնվել

Ապրիլի 25-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, oպերատիվ տեղեկություններն իրացնելով, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների հետ Արագածոտնի մարզի Արուճ գյուղում հայտնաբերել, ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել 2022 թ. սեպտեմբերի 9-ից հետախուզության մեջ գտնվող էջմիածինցի 36-ամյա մի երիտասարդի: Նա և համաքաղաքացի երկու ընկերները ծրագրել էին Էջմիածնում բնակվող 28-ամյա Արթուր Առաքելյանի սպանությունը։ Հենց այդ նպատակով 37-ամյա և 36-ամյա երկու երիտասարդները հունիսի 11-ին Վրաստանի Հանրապետությունից ժամանել էին Հայաստան, որտեղ նրանց դիմավորել էր էջմիածինցի 35-ամյա ընկերը: Այնուհետև երեքով գնացել էին նախապես վարձակալած բնակարան, որտեղ պլանավորել և նախապատրաստել էին Արթուր Առաքելյանի սպանությունը:

Օգոստոսի 18-ին՝ ժամը 17.40-ին, տեղեկանալով Արթուր Առաքելյանի տեղաշարժի մասին, «Օպել» մակնիշի մեքենայով գնացել էին Էջմիածին քաղաքի Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկ, դարանակալել և սպասել էին նրան։ Երբ Արթուր Առաքելյանի «Մերսեդեսը» ընթացել էր տվյալ խաչմերուկի ուղղությամբ, Թումանյան փողոցում մեքենայով փակել էին նրա ճանապարհը։ Այնուհետև 36-ամյա տղամարդը դիմահար կրակահերթ էր արձակել «Մերսեդեսի» ուղղությամբ, ինչի հետևանքով Արթուր Առաքելյանը և ուղևորը, ստանալով ծանր մարմնական վնասվածքներ, մեքենայով դիմել էին փախուստի։

Չէր ուշացել «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգը. հրազենային վնասվածքներով բուժհաստատություն էին տեղափոխվել 28-ամյա երկու երիտասարդ։ Հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ անց Արթուր Առաքելյանը մահացել էր։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին «Մակարով» ատրճանակ և փամփուշտներ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 6-ին հանցակիցներից 37-ամյա երիտասարդը Էջմիածնի Բաղրամյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել էր ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Ձեռնարկվում են միջոցներ՝ հանցագործություն կատարած երրորդ անձին հայտնաբերելու ուղղությամբ։