Չարի ճանապարհն ընտրածն ինքն իրեն է կործանում․ Զելենսկին՝ ռուսաստանյան իրադարձությունների մասին. «Ազատություն»

«Ռուսաստանն իր իշխանության թուլությունն ու հիմարությունը երկար ժամանակ քողարկել է քարոզչությամբ: Եվ հիմա քաոսն արդեն այնքան է, որ մի ստով չես կարող թաքցնել», – հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ շարունակելով՝ չարի ճանապարհն ընտրածն ինքն իրեն է կործանում։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Ռուսաստանի թուլությունն ակնհայտ է, լայնածավալ թուլություն։ Եվ որքան երկար Ռուսաստանն իր զորքերն ու վարձկաններին պահի մեր հողում, այնքան ավելի շատ քաոս, ցավ ու խնդիրներ կունենա իր համար», – հավելել է նա։

Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար, Պուտինի երբեմնի խոհարար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար:

Ինքը`Պրիգոժինը մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը իր վարձկանների ուղղությամբ կրակ բացելու համար: Երեկ ուշ երեկոյան նա հայտարարել է, թե «արդարության երթ է սկսում» նախարարության դեմ`կոչ անելով ռուսաստանցիներին միանալ իրեն:

Վլադիմիր Պուտինն այդ քայլերն անվանեց խռովություն, դավաճանություն, հարված թիկունքին՝ իրավիճակը համեմատելով 1917 թվականի հոկտեմբերի հետ։