Բելառուս են տեղափոխվել որոշակի քանակությամբ ռուսական միջուկային մարտագլխիկներ. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է հանրապետություն միջուկային մարտագլխիկների տեղափոխման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ТАСС-ի թղթակիցը։

«Որոշակի քանակությամբ միջուկային մարտագլխիկներ են տեղափոխվել Բելառուսի տարածք», – ասել է նա օտարերկրյա և բելառուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Լուկաշենկոն հայտարարել է, որ միջուկային զենքը Բելառուսի տարածքում տեղակայված է բացառապես պաշտպանական նպատակներով։

«Այդ զենքերը բացառապես պաշտպանական նպատակներով են: Մեզ մի՛ դիպչեք: Եվ մոռացե՛ք միջուկային զենքի մասին: Բայց եթե ագրեսիա գործեք, պատասխանը կլինի ակնթարթային: Թիրախները որոշված ​​են», – ասել է նա:

Լուկաշենկոն հավելել է, որ ռազմամթերքը ցամաքային ճանապարհով չի տեղափոխվել։ Դրա տեղակայումն ու ծավալումը կվերահսկեն Ռուսաստանը և Բելառուսը: