Газовая камера. ըստ տնտեսագետների` Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում

Газовая камера. ըստ տնտեսագետների` Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում
Газовая камера. ըստ տնտեսագետների` Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա որոշմամբ գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը և սպասվելիք գնաճը լուրջ մտահոգություններ են առաջացրել մարդկանց մոտ, ովքեր չգիտեն, թե ինչպե´ս են հաղթահարելու ստեղծված սոցիալական խոր ճգնաժամը: 

Թեև վերջին ընտրությունների նախընտրական շրջանում Հայաստանի իշխանությունները պարբերաբար հավաստիացնում էին, թե գազի սակագները չեն բարձրանա, այնուամենայնիվ մայիսի 14-ին «Հայռուսգազարդ» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` գազի սակագնի վերանայման հայտով` առաջարկելով գինը բարձրացնել մոտ 67 տոկոսով:

«Հայռուսգազարդը» հայտում առաջարկել էր բնակչությանը մատակարարվող 1000 խմ գազի գինը սահմանել 221.000 դրամը (մոտ 536 դոլար)` ներկայումս գործող 132.000 դրամի փոխարեն (320 դոլար): Հանձնաժողովի որոշմամբ, սակայն, այսօր բավարարվեց հայտի մի մասը` 1000 խմ գազի սակագինը սահմանելով 156.000 դրամ (մոտ 378 դոլար): Սա նշանակում է, որ հուլիսի 1-ից գազի սակագինը Հայաստանում փաստացի բարձրանալու է 18 տոկոսով:

Տնտեսագետ Սամվել Ավագյանը նշում է, որ գազի թանկացումն առաջին հերթին պետք է բերեր էլեկտրաէներգիայի թանկացման, քանի որ գազով աշխատող ջէկերի տեսակարար կշիռը Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում մոտ 35 տոկոս է:

«Գազի թանկացումը, բնականաբար, ազդեցություն կգործի տնտեսության այն ճյուղերի վրա, որոնք կախվածություն ունեն գազից, որոնց ինքնարժեքում գազը մեծ տեսակարար կշիռ ունի: Դա հացի արտադրությունն է, ջերմոցային տնտեսությունները, հասարակական տրանսպորտը»,- ասում է տնտեսագետը:

Նա հիշեցնում է, որ Հայաստանում հասարակական տրանսպորտը 100 տոկոսով աշխատում է հեղուկ գազով: Ըստ Ավագյանի` նախորդ անգամ, երբ միայն գազի գինը թանկացավ, իսկ էլեկտրաէներգիայինը մնաց անփոփոխ, տնտեսությունը դա ավելի հեշտությամբ «մարսեց»: Այն, որ գազի գինն այս անգամ էլեկտրաէներգիայի գնի հետ զուգահեռ է թանկանում, «նշանակում է` այս անգամ Հայաստանում համատարած թանկացումներ կլինեն»,- ասում է տնտեսագետը:

Վերլուծաբանները նշում են, որ գազի սակագների բարձրացմանը հետևող թանկացումները` Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում կրկին մարդկանց անելանելի վիճակի մեջ են դնելու` խթանելու առանց այն էլ մտահոգիչ միտումներ ունեցող արտագաղթը:

Թեև վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 16-ին հայտարարել է, որ կառավարությունն օժանդակելու, սուբսիդավորելու է գազի սակագինը, և որ սոցիալապես անապահով քաղաքացիներն իրենց ընտանեկան բյուջեի վրա բացասական ազդեցություն չեն զգա, այնուամենայնիվ շատերը թերահավատ են, որ թռիչքային գնաճի պայմաններում աջակցությունն ինչ-որ բան կփոխի:

«Ի՞նչ են ուզում մեզանից, կառավարությունն ինչքա՞ն է շարունակելու ծծել մեր արյունը: Ի՞նչ անի խեղճ ժողովուրդը, ո՞ւմ դուռը ծեծի, ումի՞ց օգնություն խնդրի, ո՞նց ապրի: Դրա համար էլ բոլորը մտածում են երկրից գնալու մասին»,- «Մեդիալաբին» ասում է 68-ամյա թոշակառու Մարջիկ Ավագյանը:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով`այս տարվա հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Հայաստանում ընդհանուր գնաճը կազմել է 3,6 տոկոս: Սակայն, օրինակ` կաթի, կաթնամթերքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում գնաճն անհամեմատ մեծ է: 2013 թ. Մայիսին, 2012 թվականի մայիսի համեմատությամբ, օրինակ` կաթնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 6,9% գնաճ, հացամթերքի ապրանքախմբում` 10,8%:

Հայաստանում, որտեղ պաշտոնապես աղքատ է համարվում բնակչության մեկ երրորդը, սակայն իրական թվերն այլ պատկեր են արտացոլում, գազի գների բարձրացումը և դրան սովորաբար հաջորդող շղթայական գնաճը գրեթե բոլոր ոլորտներում, ըստ մասնագետների, կարող են սոցիալական բունտի նախապայման դառնալ:

«Ստացվում է այնպես, որ մենք կամ հուլիսի, կամ օգոստոսի 1-ից էապես այլ միջավայրում կհայտնվենք, որտեղ ապրանքները և ծառայությունները 20-50 տոկոսով կավելանան»,- ասում է ընդդիմադիր ՀԱԿ-ի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` նշելով, որ դա հենց այնպես չի անցնի:

Նա նշում է, որ եթե թանկացումները լինեին ընտրություններից առաջ, իշխանություններն ընտրակաշառքով չէին կարող վերարտադրվել: Սակայն այս դեպքում մարդկանց բոլոր խնայողությունները և հույսերն ի չիք կդառնան:

«Գազպրոմ», վոն իզ Արմենիի» պաստառներով հունիսի 5-ին մարդիկ հավաքվել էին Երևանում Ռուսաստանի դեսպանության մոտ` իրենց բողոքն ու ցասումն արտահայտելու:

«Անընդհատ խոսում ենք այն մասին, թե Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է: Հիմա ամեն ինչ գցել Ռուսաստանի վրա, ասել` իրենք թանկացնում են, մենք էլ ստիպված պիտի թանկացնենք, բա ո՞ւր մնացին մեր ռազմավարական գործընկերության դաշտում եղած ձեռքբերումները»,- գազի սակագնի բարձրացմանն անդրադառնալով` ասել է ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

«Մեր երկրի յուրաքանչյուր երրորդ բնակիչն ապրում է աղքատության շեմից այն կողմ: Էներգակիրների սակագների բարձրացումը մեծացնում է բնակչության կոմունալ ծախսերը և հիմք հանդիսանում տնտեսության մյուս բոլոր հատվածներում գնաճի համար,- գրված էրՀայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին ուղղված նամակում, որն այդպես էլ անպատասխան է մնացել: – Գնի բարձրացման միջոցով «Գազպրոմը» նախատեսում է Հայաստանում գազի վաճառքից տարեկան լրացուցիչ 150 միլիոն դոլար ստանալ… ակնհայտ է,որ գնաճին ուղղված տնտեսական քաղաքականությունը հանգեցնում է սոցիալական ընդվզման, քաղաքացիական անհնազանդության, հեղափոխության և մենաշնորհների ազգայնացման»:

Սակայն տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը չի կարծում, որ գազի սակագնի բարձրացումը մեծ ցնցումների պատճառ կհանդիսանա:

«Մեծ ցնցումներ չեն լինի շնորհիվ նրա, որ կառավարությունը կարողացավ բանակցել ռուսական կողմի հետ, և նրանց առաջարկած 67 տոկոս սակագնի բարձրացումը զգալիորեն նվազեցնել,- «Մեդիալաբին» ասում է նա: – Կառավարությունը նաև սուբսիդավորելու է անապահով խավերին, իհարկե, չի կարելի ասել, որ դրանով խնդիրները կվերանան, այնուամենայնիվ իր վրա նման բեռ վերցնելով` կառավարությունը փորձում է պրոցեսը հնարավորինս անցնցում անցկացնել»:

Սակայն երկրի սոցիալ-տնտեսական ներկա վիճակն ու արտագաղթը, անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանի կարծիքով, սոցիալական բունտից ավելի վտանգավոր զարգացումների են հանգեցնում: Հայաստանում, նրա խոսքով, արդեն իսկ սկիզբ է առել ենթակառուցվածքների քայքայման վտանգավոր գործընթացը:

«Հայաստանում գյուղերը դատարկվում են: Մարդիկ գնում են կա´մ դեպի Ռուսաստան, կա´մ դեպի Երևան: Հայաստանը կորցնում է մարդկային ռեսուրսը»,- «Մեդիալաբին» ասում է Բոզոյանը:

Նրա խոսքով` տնտեսական ենթակառուցվածքների քայքայումը վաղ թե ուշ հանգեցնելու է նաև պետական կառույցների քայքայման, ինչը երկրի համար ստեղծելու է ազգային անվտանգության լրջագույն խնդիր:

«Իրավիճակը աստիճանաբար բարդանալու է»,- նշում է նա:

© Medialab.am