Իրավապահ մարմինների ուշադրությունն ենք հրավիրում ընտրական գործընթացի նկատմամբ նման ոտնձգության վրա․ հայտարարություն

Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի հայտարարությունը

Նախընտրական պայքարի ծավալմանը զուգընթաց, վերջին օրերին նախկին քրեաօլիգարխիկ ռեժիմի՝ տարբեր տրամաչափի մնացուկների կողմից հասարակության մեջ շրջանառվում են կեղծ տեղեկություններ այն մասին, իբր մեր կուսակցության կողմից քաղաքացիներին փող է բաժանվում։

Սույնով հայտարարում ենք, որ վերը նշվածը բացի լկտի եւ անբարոյական սուտ լինելուց, ուղղված մեզ վարկաբեկմանը, որպես նախընտրական պայքարի ակտիվ մասնակցի, այլեւ փորձ է ստվեր գցել ընդհանրապես ընտրական գործընթացի վրա։

Մենք դատապարտում ենք նման քստմնելի պահվածքն իրենց քաղաքական ուժեր համարող քրեական տարրերի կողմից եւ վստահ ենք, որ հասարակությունը քաջատեղյակ է, որ նման գործելակերպը խորթ է մեր կուսակցությանը եւ սկզբունքորեն մերժելի։

Պետությունը շարունակաբար թալանելու հնարավորությունից զրկված, հասարակության կողմից միանշանակորեն եւ անդառնալիորեն մերժված, բայցեւ քաղաքականությամբ դիմակավորված՝ ռեւանշի ձգտող կրիմինալը վաղուց է ապացուցել քաղաքացիներին, որ միայն ինքն է ընդունակ՝ նախընտրական ժամանակաշրջանում փող բաժանելով անարգել քաղաքացիներին եւ ապականել հասարակական մթնոլորտը։

Մեր քաղաքացիներին կոչ ենք անում տուրք չտալ նման կարգի ապատեղեկատվությանը եւ հստակ քաղաքացիական դիրքորոշմամբ մեկընդմիշտ ցույց տալ քաղաքականացված կրիմինալին իր տեղը քաղաքական աղբանոցում։

Իշխանություններին եւ իրավապահ մարմինների ուշադրությունն ենք հրավիրում ընտրական գործընթացի նկատմամբ նման ոտնձգության վրա եւ կոչ ենք անում ամենայն պատասխանատվությամբ պատշաճ վերահսկողություն հաստատել ընտրական գործընթացի վրա»։