Հայաստանի ԶՈՒ-ն ի զորու էր դիմագրավել իրեն 2-3 անգամ գերազանցող ուժի․ Դավիթ Տոնոյան

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը նշում  է, որ 2018 թվականին, երբ ինքը նշանակվել էր պաշտպանության նախարար, Հայաստանի ԶՈՒ-ն ի զորու էր իրեն 2-3 անգամ գերազանցող ուժի դիմակայել․ այսինքն՝ պաշտպանական մարտ վարելու առումով հայկական զինված ուժերի վիճակը գնահատվում էր բավարար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դավիթ Տոնոյանն այս մասին ասել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի բաց նիստում՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ վիճակում են եղել Զինված ուժերը, երբ ստանձնել է պաշտպանության նախարարի պաշտոնը։

Տոնոյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար Հայաստանի Զինված ուժերը ի զորու էին դիմագրավել իրենց 2-3 անգամ գերազանցող ուժի՝ հաշվի առնելով զորքի պատրաստության աստիճանը, աշխարհագրությունը, այն բնագծերը, որոնք զբաղեցնում էին Զինված ուժերը։ «Ինչո՞ւ եմ ասում 2-3 անգամ գերազանցող, նկատի ունեմ, որ պաշտպանական մարտ վարելու  առումով Զինված ուժերի պատրաստության մակարդակը բավարար էր։ Սա իմ գնահատականը չէ, սա հաշվարկված փաստարկված տեղեկատվություն է»,- հայտարարեց Դավիթ Տոնոյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց՝  արդյոք 44-օրյա պատերազմի սկսվելու պահին Ադրբեջանի զինված ուժերը տեխնիկական հագեցվածության առումով Հայաստանի զինված ուժերին 2-3 անգամ է՞ին գերազանցում, թե՞ տարբերությունն ավելի մեծ էր։

Դավիթ Տոնոյանը հստակեցրեց, որ ինքը պատասխանեց Զինված ուժերի պատրաստության վիճակին վերաբերող հարցին, ոչ թե հարցին, թե ինչպիսին է եղել ուժերի հարաբերակցությունը պատերազմի սկսվելու պահին։