«Նախիջևանի փորձը հաշվի առնելով՝ մեր ընտրությունը պետք է լինի ապրել ու արարել Արցախում». Բերձորի, Աղավնոյի ու Սուսի ճակատագրի մասին

Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան եռակողմ հայտարարության համաձայն՝ Արցախի նախկին Քաշաթաղի շրջանի 54 գյուղերից 51-ը դեկտեմբերի 1-ից անցել են ադրբեջանական վերահսկողության տակ։ Մյուս երեք բնակավայրերում՝ Բերձոր քաղաքում, հարակից Աղավնո և Սուս գյուղերում, հայերը շարունակում են ապրել։ 

Հինգ տասնյակից ավելի գյուղ ընդգրկող Քաշաթաղի նախկին վարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը դեռ պատկերացում չունի՝ երեք բնակավայրերով վարչակազմը շարունակելո՞ւ է գործել, թե՞ ոչ, ինչպե՞ս է կազմակերպվելու տարածքային կառավարումը՝ դեռ քննարկումներ չկան, ապագայի հարց է։

Առայժմ կյանքը շարունակվում է այնպես, ինչպես կար մինչև դեկտեմբերի 1-ը, բայց՝ սահմանափակ տարածքներում։

«Հայ խաղաղ բնակչությունը այս պահին ոչ մի լուրջ խնդիր չունի, լուրջ պատճառ չունի այս տարածքում չբնակվելու, ես նկատի ունեմ Բերձորում Ավաղնոյում, Սուսում»,- տխրահռչակ հայտարարության իրագործումից մեկ օր անց «Մեդիալաբին» ասում է Մուշեղ Ալավերդյանը։ 

Այդուհանդերձ, պաշտոնյան նշում է՝ ռազմական գործիչ չէ, չի կարող բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված երաշխիքների նկարագրություն տալ, բայց նշում է՝ այստեղ մարդիկ կան, ապրում են։

«Ադրբեջանական ռազմական ուժեր այստեղ չեն լինելու, հայկական՝ նույնպես։ Միջանցքն ամբողջովին ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո է, այս պահին որևիցե դժգոհություն չունենք ռուս խաղաղապահ զինվորներից»,- նշում է Մուշեղ Ալավերդյանը։

Նրա ներկայացմամբ՝ դեռ վաղ է ասել, թե շրջանից որքան բնակիչ է տեղահանվել, քանի որ դրանք փոփոխվում են. «Բնակիչ կա՝ երեկ դուրս է եկել, այսօր վերադարձել»։

Հարցին, թե ի՞նչ են անում իշխանությունները, որ մարդիկ մնան իրենց նախկին բնակավայրերում, Ալավերդյանը պատասխանում է.

«Զուտ ընտրության հարց է։ Ռազմական գործողություններն ավարտվել են, պատերազմը ավարտվել է, կրակի դադարեցման համաձայնագիր գոյություն ունի։ Այս պահին այն հայկական բնակավայրերը և դրանցում ապրելու համար հայի տեսակը պահպանելու խնդիր ունենք, ընտրության խնդիր ունենք։

Բերձորի Աղավնոյի, Սուսի ցանկացած բնակիչ պետք է կարողանա ընտրություն կատարել, և ոչ միայն իրենք։ Համազգային մակարդակով պետք է կարողանանք ընտրություն անել՝ հստակ հասկանալ ինքներս մեր համար, թե արդյոք այս բնակավայրերը մեզ պե՞տք են, թե՞ ոչ, մենք ուզո՞ւմ ենք այստեղ ապրել ինչպես դարեր շարունակ ապրել ենք, թե՞ ոչ»։

Նա հիշեցնում է Նախիջևանի նախադեպը, որն աստիճանաբար հայաթափվեց, բայց ի տարբերություն Նախիջևանի՝ Արցախում հայերը շարունակում են ապրել։ 

«Արցախի բնակչությունը չլքեց իր հայրենի տունը, իր հայրենի հողը և այսօր, թեկուզ արյունոտ, թեկուզ արցունքոտ, բայց կա։ Մարդիկ ընդամենը պետք է հասկանան, որ այստեղ դարեր շարունակ հայ մարդիկ են ապրել, և, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ մարդիկ շարունակեն ապրել։ Իսկ անվտանգության երաշխիքներ տալիս են ռուս խաղաղապահ զորքերը»,- նշում է նա։

Քաշաթաղի նախկին վարչական շրջանի պատասխանատուի խոսքով՝ խնդիրներ կարող են լինել, քանզի պատերազմ է եղել ծանր հետևանքներով, ինչը փոխել է կյանքը, դրա նկատմամբ մոտեցումներն ու պատկերացումները։ 

Բերձորը դատարկվելու մասին երևանյան հայտարարությունները Մուշեղ Ալավերդյանը անհիմն է համարում և դրանց արձագանքում է հետևյալ կերպ․

«Կարծում եմ՝ Երևանում նստած՝ չպետք է պատկերացում կազմել որևիցե մի ֆեյսբուքյան գրառման, որևիցե մի բնակչի հարցազրույցի կամ հուզական ելույթի հիման վրա։ Ուղղակի պետք է գալ, սեփական աչքերով տեսնել»։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am