Ադրբեջանը խախտում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումները․ Միրզոյանը՝ Բրազիլիայի ԱԳ նախարարին

Օգոստոսի 16-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրայի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հաղորդագրությունում նշված է․

«Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ 120 հազար բնակչության և հատկապես խոցելի խմբերի հիմնարար իրավունքների խախտումներն ու նրանց համար ստեղծված ծայրահեղ ծանր պայմանները, այդ թվում՝ սննդի և դեղորայքի սուր պակասը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանն իր գործողություններով խախտում է ոչ միայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, այլ նաև ՄԱԿ իրավական բարձրագույն ատյանի՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի՝ պարտադիր ուժ ունեցող որոշումները:

Նախարար Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ վատթարացող հումանիտար ճգնաժամի վերացման հրատապությունը՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անխափան տեղաշարժի վերականգնման միջոցով և համոզմունք հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է որոշիչ դերակատարում ստանձնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի կանխարգելման համատեքստում»։