Միջազգային հանրությունը պետք է կենտրոնանա ընկալման վրա, որ Լաչինի միջանցքի բացումը ցեղասպանությունը կանխելուն ուղղված քայլ կլինի․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակն օր-օրի սրվում է․ միևնույն ժամանակ, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ԼՂ բնակիչները  հայտնվում են Ադրբեջանի զինված ուժերի կրակահերթերի տակ, որպեսզի բերքահավաք իրականացնելու հնարավորություն չունենան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ ունեցած ելույթում։

«Ադրբեջանը մի կողմից արգելափակել է Հայաստանի կառավարության կողմից 100 տոննա ալյուրի մուտքը Լեռնային Ղարաբաղ, մյուս կողմից թույլ չի տալիս, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իր ցանած հացահատիկը հավաքի ալյուր ունենալու համար։ Սա ևս մեկ փաստ է, որը հիմնավորում է միջազգային փորձագետների կողմից առաջ քաշվող թեզը, թե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայությանը սովամահության ենթարկելու միջոցով ցեղասպանության է ենթարկում, հետևաբար Լաչինի միջանցքի բացումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված քայլ պետք է դիտարկել։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է կենտրոնանա այս ընկալման վրա»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացումն է, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը միջազգային մեխանիզմի շրջանակներում։

«Հայաստանի Հանրապետությունը շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և պաշտոնական Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ խաղաղությունը հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից»,- եզրափակեց վարչապետը։