Արդարադատության միջազգային դատարան են ներկայացվել Ադրբեջանի նախնական առարկություններին առնչվող ՀՀ գրավոր դիտարկումները

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործով օգոստոսի 21-ին Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Ադրբեջանի նախնական առարկությունների առնչությամբ Հայաստանի գրավոր դիտարկումները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի «Ֆեյսբուք»-ի հարթակում:

2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը ներկայացրել էր գանգատ ընդդեմ Ադրբեջանի՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Դատարանը սահմանել էր ժամկետ ամբողջական գանգատի և ապացույցների ներկայացման համար՝ մինչև 2023 թվականի հունվարի 23-ը։