Հրապարակվել են Տվերի մարզում կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորների անունները

ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հրապարակել է Տվերի մարզում կործանված «Embraer»ինքնաթիռում գտնվող բոլոր անձանց անունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ռոսավիացիա»-ն ուղևորների և անձնակազմի անդամների ցուցակը ներկայացրել է իր Telegram ալիքում։

Բիզնես-ջեթում գտնվող 7 ուղևորներն էին Եվգենի Պրիգոժինը, Դմիտրի Ուտկինը, Սերգեյ Պրոպուստինը, Եվգենի Մակարյանը, Ալեքսանդր Տոտմինը, Վալերի Չեկալովը և Նիկոլայ Մատյուսեևը։

Անձնակազմի 3 անդամներն էին Ալեքսեյ Լևշինը, Ռուստամ Քարիմովը և Քրիստինա Ռասպոպովան։

Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Պրիգոժինի հետ թռչում էին նրա համախոհներն ու գործընկերները. Չեկալովը Պրիգոժինի հետ կապված այն ընկերության ղեկավարն էր, որը 2017 թ.-ին հավակնում էր Սիրիայում գազի և նավթի արդյունահանման պայմանագրեր կնքել։ Նա ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում էր հայտնվել 2023 թ.-ին՝ Պրիգոժինի հետ կապերի պատճառով։ Ըստ հրապարակման՝ նույն տվյալների բազայում «Վագներ»-ի հետ կապված անձանց ցանկում են Եվգենի Մակարյանը և Ալեքսանդր Տոտմինը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ինքնաթիռում գտնվող բոլոր 10 անձինք զոհվել են։ «Embraer» ինքնաթիռը Շերեմետևոյից Սանկտ Պետերբուրգ էր թռչում։ Վթարը տեղի է ունեցել Կուժենկինո գյուղի մոտ։ Ինքնաթիռը գետնին բախվելիս այրվել է, այն թռիչքի մեջ է եղել կես ժամից էլ քիչ։