Ալիևը Մակրոնի հետ զրույցում Լաչինի միջանցքի բացման իր պայմաններն է ներկայացրել. Factor

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո զրույցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, Լաչինի միջանցքի, ինչպես նաև Աղդամի ճանապարհի հարցը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Ալիևը բողոքել է, թե «Հայաստանի ու Արցախի իշխանությունները նպատակաուղղված արհեստական ​​խոչընդոտներ են ստեղծում Աղդամի ճանապարհի շահագորման համար  և այն օգտագործում ​​քաղաքական մանիպուլյացիաների համար»։

Ադրբեջանի նախագահը նաև դժգոհել է, որ Հայաստանը Արցախին օգնության համար 400 տոննա մարդասիրական բեռներ է ուղարկել «քաղաքական շահարկումների նպատակով, առանց Ադրբեջանի հետ պայմանավորվածության»։ Ալիևը նաև ասել է, թե  Ադրբեջանը  Արցախի ներկայացուցիչներին հրավիրել է Բաքու և Ադրբեջանի այլ քաղաքներ՝ «քննարկելու վերաինտեգրման հարցերը, սակայն նրանք  մերժել են նաև այդ առաջարկը»։

Ալիևը նաև հայտնել է նաև ապօրինաբար շուրջ 9 ամիս արգելափակած Լաչինի միջանցքը բացելու պայմանը։ Նա նշել է, թե Աղդամի ճանապարհի բացումից հետո միջանցքը կարող է շահագործվել «Ադրբեջանի մաքսային և սահմանային ռեժիմի կանոնների պահպանմամբ»։

Հավելենք, որ ֆրանսիական կողմը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ  Մակրոնի զրույցների վերաբերյալ դեռ հաղորդագրություններ չի տարածել։