Ինչո՞ւ թուրքերին հաջողվեց բնաջնջել հայերին, բայց հրեաներին` ոչ

Ինչո՞ւ թուրքերին հաջողվեց բնաջնջել հայերին, բայց հրեաներին` ոչ
Ինչո՞ւ թուրքերին հաջողվեց բնաջնջել հայերին, բայց հրեաներին` ոչ

Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի միջև անթիվ համեմատություններ են արվել: Սակայն կա ևս մեկ համեմատություն, որ հազվադեպ է կատարվում. Հայոց ցեղասպանությունն իրականացնելու թուրքական կարողությունը և Պաղեստինի հրեա ներգաղթողներին ոչնչացնելու անկարողությունն այդ նույն ժամանակահատվածում: Նման համեմատություն չի արվել, քանզի համարյա ոչ մեկը չի ուսումնասիրել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների բռնի տեղահանության թուրքական ծրագրերի կապը Հայոց ցեղասպանության հետ:

Իմ նախնական վերլուծությունը հիմնված է մի շարք տեղեկությունների վրա՝ Յաիր Աուրոնի «Սիոնիզմը և Հայոց ցեղասպանությունը. անտարբերությանգռեհկությունը» գրքից, Վարդգես Եղիայանի «Ի շահ Հայաստանի» աշխատությունից և այլ արխիվային նյութերից:

Ես կցանկանայի մանրամասնել հրեաների բռնի տեղահանության հանգամանքները և ինչպես նրանք հիմնականում փրկվեցին դրանից, մինչդեռ հայերը` ոչ: Ավելի կարևոր է, թե հրեական սփյուռքն ու Պաղեստին ներգաղթողները ինչպիսի քայլեր ձեռնարկեցին` հայերի ողբերգական ճակատագրին չարժանանալու համար:

Օսմանյան կայսրությունում հայերը և հրեաները, որպես ազգային փոքրամասնություններ, եղել են քավության հարմար նոխազներ դաժան թուրք ղեկավարների քմահաճույքների համար: Հետաքրքրական է, որ հայերի և հրեաների բռնի տեղահանության համար երիտթուրքերը օգտագործել են միևնույն պատճառաբանությունները:

Թուրքերը մեղադրել են հայերին առաջխաղացող ռուսական բանակի հետ համագործակցելու համար, և նույնպիսի մեղադրանք են ներկայացրել հրեաներին՝ օսմանյան Պաղեստին ներխուժած բրիտանական զինված ուժերի հետ համագործակցելու համար: Բացի այդ, հրեաներին մեղադրել են Պաղեստինում իրենց սեփական հայրենիքը հիմնելու ծրագրերի համար, ճիշտ այնպես, ինչպես հայերին` Արևելյան Թուրքիայում իբր իրենցը հիմնելու համար: Եվս մեկ զուգահեռ. երիտթուրքերի «եռյակի» ղեկավար անդամներից մեկը`Ջեմալ փաշան, ցինիկաբար նկատել էր, որ նա «հրեաներին արտաքսում է իրենց իսկ շահերից ելնելով», ինչպես հայերին էին բռնի տեղահանել «պատերազմի գոտուց հեռու» իրենց իսկ անվտանգության համար…

1914 թվականին, երբ Թուրքիան Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտավ Գերմանիայի կողմից և ընդդեմ դաշնակից պետությունների (Անգլիա, Ռուսաստան և Ֆրանսիա), Պաղեստինը վերածվեց պատերազմի թատերաբեմի: Թուրքական իշխանությունները սկսեցին զինվորական հարկ գանձել բնակչությունից, որն առավել ծանրությամբ ընկավ հրեա բնակիչների ուսերին: Նրանց կալվածքներն ու ունեցվածքը բռնագրավվեց թուրքական բանակի կողմից:

Հրեա բնակիչներից ոմանք որպես ստրկական աշխատուժ օգտագործվեցին ճանապարհների և երկաթգծերի շինարարության մեջ: Ալեքս Ահարոնսոնը՝ Զիխրոն Յակովի մի հրեա ներգաղթող, իր օրագրում գրել էր. «հրամանը վերջերս էր եկել թուրքական իշխանություններից` պահանջելով նրանց հանձնել իրենց տրամադրության տակ եղած հրազենային կամ այլ զենքերը: Սա մի չարագուշակ հրաման էր, քանզի գիտեինք, որ նման միջոցառումներ ձեռնարկվել էին հայկական սարսափելի կոտորածներից առաջ, և մենք զգացինք, որ նման արհավիրք կարող է նախապատրաստվել նաև մեր ժողովրդի դեմ», ինչպես մեջբերված է Եղիայանի «Ի շահ Հայաստանի» աշխատության մեջ:

1914 թվականի աշնանը թուրքական վարչակարգը տեղահանման հրաման արձակեց բոլոր «թշնամի հպատակների», այդ թվում՝ 50 հազար ռուս հրեաների համար, որոնք փախել էին ցարական հալածանքներից և հաստատվել Պաղեստինում: Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմի և ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի բազմիցս միջամտություններից հետո, այս «թշնամի հպատակներին» թույլատրվեց մնալ Պաղեստինում, եթե նրանք համաձայնվեն ձեռք բերել օսմանյան քաղաքացիություն:

Այնուամենայնիվ, 1914 թվականի դեկտեմբերի 17-ին, Ջեմալ փաշայի ենթակա, Ջաֆայի նահանգապետ Բահայեդինը, տեղահանման հրամանը գործադրեց` արտաքսելով 500 հրեաների, որոնց ձերբակալում էին փողոցներում, քարշ տալիս ոստիկանական բաժանմունքներ, իսկ այնտեղից էլ ստիպողաբար նստեցնում նավահանգստում կայանած նավերը: Խանութների վրայից հեռացվեցին եբրայերենով գրված ցուցանակները և փակվեցին Ջաֆայի հրեական դպրոցը:

Սիոնիստական կազմակերպությունները լուծարվեցին, և 1915 թվականի հունվարի 25-ին թուրքական իշխանությունները հանդես եկան հայտարարությամբ ընդդեմ «սիոնիզմի անվան տակ հայտնի վտանգավոր տարրերի, որոնք պայքարում են հրեական կառավարություն ստեղծելու համար Օսմանյան թագավորության պաղեստինյան տարածքում….»:

Ի պատասխան դեսպան Մորգենթաուի և Գերմանիայի կառավարության բողոքների, Կոստանդնուպոլիսը չեղյալ համարեց տեղահանության վերաբերյալ հրամանը, և Բահայեդինը հեռացվեց իր պաշտոնից: Ըստ պրոֆ. Աուրոնի` հրեա բնակիչների վիճակը կարող էր անհամեմատ ավելի ծանր լինել, եթե չլիներ «հրեական աշխարհի ազդեցությունը թուրքական քաղաքականության վրա….

Ամերիկյան, գերմանական և ավստրիական հրեական համայնքներին հաջողվեց զսպել դրա առավել դաժան դրսևորումները: Հրամանագրերը մեղմվեցին. մոլեռանդ թուրք հրամանատարները փոխարինվեցին և աղետալի ժամանակներին հետևեցին հանգիստ ժամանակաշրջանները»: 

Դեռևս 1913 թվականին, նախագահ Վիլսոնը դեսպան Մորգենթաուին նշանակելիս նրան հանձնարարել էր. ««Հիշե’ք, այն ամենը ինչ կարողանաք անել ձեր դավանակիցների ճակատագիրը բարելավելու համար, մի գործողություն է, որ բարձրացնելու է Ամերիկայի վարկը, և դուք կարող եք ապավինել վարչակազմի լիարժեք աջակցությանը». Մորգենթաուն հավատարմորեն հետևեց այս խորհրդին»` ըստ Այզեյա Ֆրիդմանի «Գերմանիա, Թուրքիա և Սիոնիզմ. 1897-1918թթ.» գրքի:

Ամերիկայի հրեաներից դեպի Ջաֆա խիստ անհրաժեշտ գումարներ տեղափոխելու աշխատանքները կազմակերպելուց հետո, Մորգենթաուն գրեց Պաղեստինի զարգացման ընկերության տնօրեն Արթուր Ռուփփենին. «Ինձ ընտրել էին որպես գործիք իմ դավանակիցներին պաշտպանության տակ առնելու համար….»:

1917 թվականի գարնանը թուրքական իշխանությունները երկրորդ հրամանն արձակեցին Թել Ավիվից հինգ հազար հրեաների տեղահանելու վերաբերյալ: Պաղեստինում «Նիլի» խմբի՝ հրեական ընդհատակյա փոքր կազմակերպության ղեկավար և բրիտանական  հետախուզության համար աշխատող Ահարոն Ահարոնսոնը, տեղահանության մասին անմիջապես ահազանգեց միջազգային լրատվամիջոցներին:

Եգիպտոսում Ահարոնսոնը գաղտնի հանդիպում ունեցավ բրիտանացի դիվանագետ Մարկ Սայքսի հետ և նրա միջոցով շտապ հաղորդագրություն ուղարկեց Լոնդոն 1917 թվականի ապրիլի 28-ին. «Թել Ավիվը թալանված է: Ներկայումս Պաղեստինում տասը հազար հրեաներ անտուն են ու սոված: Ամբողջ Յիշուվին [հրեական բնակավայրերը Պաղեստինում] ոչնչացում է սպառնում: Ջեմալը [փաշա] հրապարակավ հայտարարել է, որ հայերի դեմ վարած քաղաքականությունն այժմ կիրառվելու է հրեաների դեմ» :

Պաղեստինից Ահարոնսոնի զեկույցները ստանալուց հետո, Լոնդոնում գլխավոր սիոնիստ Խաիմ Վեյցմանը, հետևյալ հաղորդագրությունը փոխանցեց եվրոպական տարբեր մայրաքաղաքների  սիոնիստական առաջնորդներին. «Ջեմալ փաշան բացահայտ հայտարարել է, որ հրեաների ուրախությունը կապված բրիտանական զորքերի մոտենալու հետ կարճատև է լինելու, քանզի նրանք ևս կարժանանան հայերի ճակատագրին…. Ջեմալ փաշան շատ խորամանկ է սառնասրտորեն ջարդեր կազմակերպելու համար: Նրա մեթոդն է քշել բնակչությանը մահվան` սովի, ծարավի և համաճարակների միջոցով….»:

Ամերիկայի հրեաները խիստ վրդովված էին լսելով Պաղեստինում հրեաների բռնի տեղահանությունների մասին: «Հրեաների ոչնչացման թուրքական մտադրությունների» վերաբերյալ նոր զեկույցներ հրապարակվեցին ողջ Արևմուտքի երկրներում` ըստ պրոֆ. Աուրոնի: Բացի այդ, ազդեցիկ հրեա գործարարները Գերմանիայում և Ավստրո-Հունգարական կայսրությունում պահանջեցին, որ իրենց կառավարությունները ճնշում գործադրեն Թուրքիայի ղեկավարների վրա` հրաժարվելու հրեաներին տեղահանելու  իրենց ծրագրերից:

Վերջապես Ջեմալ փաշան ստիպված եղավ չեղյալ համարել տեղահանման հրամանը և մթերք ու բժշկական օգնություն տրամադրեց հրեա աքսորյալներին Թել Ավիվում:

Լուսանկարում` Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարանում

(շարունակելի)

Հարութ Սասունյան       

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

© Medialab.am