«Գիտեինք՝ ինչի՛ համար, ուղիղ մահվան աչքերի մեջ էինք նայում, առանց մի գրամ մտածելու». Կորյունն ասում է՝ կռվի դաշտում բոլոր զինվորներն էլ հերոս են

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան հրաման ստացա, որ անձնակազմը համար մեկով շարեմ։ Ասեցին՝ հակառակորդ կա մեր դիմաց, հայտնաբերելու դեպքում չթողնեք մի մետր անգամ առաջ գան։ Հրաման եղավ, որ ձեռքի տակ եղած միջոցներով՝ ինչով կարողանանք թույլ չտանք հակառակորդի առաջխաղացումը»,- պատմում է 44-օրյա պատերազմի մասնակից կապանցի Կորյուն Ծատրյանը։ 

Առհասարակ, պատերազմին առերեսված տղաները չեն սիրում իրենց տեսածի ու վերապրածի մասին պատմել․ Կորյունը նույնպես բացառություն չէ։ Քչախոս է, հարցերին էլ պատասխանում է հակիրճ։ Սեպտեմբերի 27-ին հերթական 14-օրյա մարտական հերթապահություն էին անցկացնում դիրքերում։ Այն, ինչ զգացել են ինքն ու իր մարտական ընկերները, ասում է՝ բառերով չի կարող նկարագրել։

C:\Users\user\Downloads\IMG-20210518-WA0003.jpg

«Ինձ մոտ մի տեսակ այնպիսի տպավորություն էր, որ այդ ամենը ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամ է, կարծես կռիվ, պատերազմ էլի եմ տեսել։ Խուճապ չկար, որովհետև մինչ այդ էլ մեր ծառայության բնույթը այնպիսին էր, որ ամեն պահի պետք է պատրաստ լինեինք, կարելի է ասել՝ մեր ամենօրյա պարապմունքներն են։ Առաջին մի քանի օրը առաջխաղացում չկար, մեր մոտ հիմնականում հրետանի էր աշխատում, հետո՝ անօդաչուներ։ 

Լայնամասշտաբ չէ, բայց փոքր խմբերով հետախուզություն էր կիրառվում։ Շատ չեմ ուզում մանրամասնել, բայց իրանց յուրաքանչյուր փորձին համարժեք պատասխանը ստանում էին։ Զգացողությունը գիտեք ոնց է եղել․ այդ պահին գիտեինք՝ ինչի՛ համար, ու ընենց էր, որ ուղիղ մահվան աչքերի մեջ էիր նայում, առանց մի գրամ մտածելու։ Գիտեինք, որ ամեն վայրկյան ինչ-որ մի հատ փամփուշտից կլինի, ինչ-որ մի հատ արկից կլինի՝ կարող ա մահանաս, բայց․․․»

E:\koryun\IMG_9433.JPG

Կորյունի խոսքին հաջորդում է մի քանի վայրկյան լռությունը….

Վառվռուն աչքերով երիտասարդը 44-օրյա պատերազմին ժամկետային ծառայող էր։ 

«Ես եմ» ծրագրով երկու տարվա փոխարեն կամավոր 3 տարի պիտի ծառայեր։ Ծրագրի մի շարք առավելությունները ժամանակին նպաստեցին, որ 18-ամյա Կորյունը որոշում կայացնի՝ մեկ տարի ավել անցկացնել ծառայության մեջ։ 

«5 ամիս ուսումնական փուլից հետո անցնում էինք 2+1+1 ձևին, ասել է թե՝ երկու շաբաթ մարտական հերթապահություն, ամեն ամիս մեկ շաբաթ արձակուրդ էինք գալիս, մեկ շաբաթ էլ զորամասում նախապատրաստվում, որ գնանք դիրքեր։ Առավել շատ ինձ դուր եկավ այն հանգամանքը, որ կարող ենք ավելի շուտ-շուտ տուն գալ, լինել հարազատներով շրջապատված սիրելի քաղաքում»,- պատմում է Կորյունը, սակայն տանը հաճախակի լինելու ձգտումն ամենևին էլ չի նշանակում, որ Կորյունը ծառայությունից էր խույս տալիս։ 

Ընդհակառակը հայրենիքին իր պարտքը տալու ձգտում մեծ էր։ Երկու տարվա ծառայության ընթացքում հրաձգային ջոկի հրամանատար, դասակի հրամանատարի տեղակալ էր դարձել կապանցի Կորյունը։

Ժամկետային ծառայողի համար մեկ աստիճան բարձրանալը ոգևորող է։ Ինքը՝ Կորյունը, այն ինչպես խրախուսանք, այնպես էլ գլխացավանք է համարում(ծիծաղում է)։ «Հպարտություն էի զգում, որ կարողանում եմ ավելին անել և արժանանում եմ ուշադրության։

Ջոկի հրամանատարի պաշտոնը, որ ստացա, դրանից մի ամիս հետո ստացա «Քաջարի մարտիկ» կրծքանշանը, մի քանի ամիս ծառայեցի, և պաշտոնս բարձրացրեցին՝ նշանակելով դասակի հրամանատարի տեղակալ, առաջին ջոկի հրամանատար, ու սերժանտի կոչում տվեցին։ Այդ ժամանակ «Մարտական հերթապահության» կրծքանշանը նոր էին սկսել շնորհել, և ես, կարելի է ասել, առաջին 100 պարգևատրվածների մեջ եմ»։ 

Պատերազմն ավարտվել է, բայց Կորյունի և մյուսների վերապրածը նրանց հիշողությունից դժվար ջնջվի։ Ժամանակը գուցեև փոքր-ինչ խամրեցնի հիշողությունները, այս փուլում նրանք դրվագ առ դրվագ մտապահել են։ 

«Հոկտեմբերի 2-ի առավոտյան վիրավորվեցի։ Որպես էդպիսին հրետակոծություն չէր, մի հատ մինամյոտի սնարյադ եկավ ու իմ մոտ պայթեց։ Ես խրամատի վերևի մասում էի, խրամատի մեջ ա պայթել։ Էդ հարցում բախտս բերել ա, որ ես խրամատի մեջ լինեի, սաղ աջ կողմս ծանր վնասվելու էր։ Իմ գտնված դիրքը արկի պայթյունի դիրքից բարձր էր։ Որ պայթեց, առաջին պահին չհասկացա, որ ինձ կպել ա, հետո արդեն ոտքիս մեջ տաքություն զգացի, տեսա՝ ոտքս սաղ արյուն ա, թռել եմ, մտել աղվեսափոսի մեջ»,- պատմում է ։C:\Users\user\Downloads\IMG-20210518-WA0000.jpg

Առաջին օգնությունը տեղում ստացավ ծառայակցի՝ Հովսեփի միջոցով, հետո տեղափոխվեց Մարտունու հոսպիտալ։ Ասում է՝ երբ իրեն տեղափոխում էին, այդ պահին քաղաքը հրետակոծվում էր։ Այնտեղ  բեկորներ հանեցին, վիրակապ դրեցին, որից հետո դեպի Ստեփանակերտ։ Իսկ ահա Ստեփանակերտից էլ գիշերով հասցրին Գորիս, ապա՝ Երևան։ 

E:\koryun\IMG_9432.JPG

«Թիակիս ա կպել, բայց լուրջ բան չկա, ոտքիս  ներվն է  լուրջ վնասվելլ, հիմա ֆունկցիայի չափավոր խանգարում ունեմ, չեմ կարողանում ոտքիս թաթը դեպի վերև բարձրացնել։ Ժամանակ ա պետք, որ վերականգնվի, նախնական ասել են՝ մի երկու տարի պետք ա։ Հետո արդեն պարզ կլինի՝ այդ ֆունկցիան կվերականգնվի՞, թե՞ ոչ»։

– Դժվարություններ եղել են, բայց բոլոր դժվարություններն էլ տղաների համար են։ Ծառայությունն էլ նրա համար է, որ տղան ինքնուրույն դառնա։ Ծառայությունից խուսափելու մտադրություն երբեք չեմ ունեցել, միայն թե ծնողներիս սրտով չէր, որ «Ես եմ» ծրագրով մեկնեցի ծառայության։ 

«Դա իմ որոշումն էր, ես ասել էի, որ սենց որոշում եմ կայացրել, ուրեմն՝ վերջ։ Պետք էր մարտական հերթապահությունը անցկացնեինք Ղարաբաղում՝ առաջնագծում․ մենք ուրիշ ստորաբաժանումներ չէինք կարող գնալ, միայն սահմանապահ ստորաբաժանումներ, առաջնագիծ։ Ես Մարտունի 3-ում էի ծառայում»,- ասում է։ 

C:\Users\user\Downloads\IMG-20210518-WA0002.jpg

Համոզված է, որ հրամանատարներից մեծ բան է կախված թե ծառայության, թե պատերազմի ժամանակ։ «Պիտի սառը դատես, վրիպում չլինի, կարողանաս ճիշտ կողմնորոշվել։ Էդ ամեն ինչը կռվի դաշտում հենց հրամանատարից ա գալիս, որովհետև ինչ-որ չափով նայում ես. եթե, կոպիտ ասած, տեսնես՝ քո հրամանատարը փախնում ա, անկախ քեզնից դու էլ ես վախ ներշնչում, ինչքան էլ վախեցող չլինես»։ 

Իր գլխով անցածից հետո փոքր-ինչ դյուրագրգիռ է դարձել։ Պատմում է՝ սթրեսային իրավիճակներ չի ունեցել, պարզապես երբ իմացավ, որ հողերն էլ հանձնել են, ու նման իրավիճակ է ստեղծվել, ծանր էր։ 

Սպասելիքների մասին զուսպ է արտահայտվում։

«Դժվար է, ապրիլյանն էլ դաս չէր իրանց համար, որ ամեն ինչ կանխատեսեին, նախապատրաստեին, գոնե էս պատերազմը դաս լինի թե բնակչության, թե կառավարության համար, որ ինչ-որ չափով գոնե ապահով լինենք։ Էս պահի դրությամբ ամենամանր բանից մինչև ամենամեծ՝ պիտի վերլուծենք սխալները։

E:\koryun\IMG_9431.JPG

Կորյունը ծնվել է Կապանում, բայց մինչև 7 տարեկանը բնակվել է ՌԴ-ում։ Երբ արդեն պետք է դպրոց հաճախեր, վերադարձել է հայրենիք։ Սովորել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում։ Ասում է՝ նախընտրելի առարկաները մաթեմատիկան ու ֆիզիկան էին, որոնք մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում էր։ 9-ամյա կրթությունից հետո ուսումը շարունակել է մասնագիտական քոլեջում։ «Ուզում էին բանակը գնալը հետաձգել, հնարավորություն կար՝ ուսումս ավարտեի, նոր գնայի, բայց հրաժարվեցի։ Մտածում էի՝ ինչքան շուտ գնամ՝ էնքան լավ։ Չեմ փոշմանել, չէի ուզում անգամ իմ օրվանից մի օր ուշ գնայի ծառայության»,- հիշում է։ 

Քիչ թե շատ ապաքինվելուց հետո բնականոն կյանքի վերադառնալու ճանապարհին Կորյունի համար աշխատանք գտնելն էր խնդիր։ Այս փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հակացուցված է։ Բարեբախտար, ասում է, երբ ընկերներից մեկը Ֆեյսբուքում հայտարարություն տեղադրեց, որ աշխատանք է փնտրում, արձագանքողներ եղան, և տեղավորվեց աշխատանքի։ Սկզբնականի համար, ասում է՝ վատ չէ։

20-ամյա Կորյունի խոսքով՝ չի կարելի տարանջատել, ասել՝ այս մի զինվորը հերոսություն է արել, այսքան տանկ է խփել կամ այլ քաջագործություն է արել։ Ասում է՝ կռվի դաշտում եղած բոլոր զինվորներն էլ հերոս են։ 

Նելլի Միրզախանյան

MediaLab.am