«Հայաստանն այլընտրանք չուներ, պետք է մտածեր զենք գնելու նոր ճանապարհների մասին. մեզ քիչ պետք է հուզի Մոսկվայի արձագանքը դրան». Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

– Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստին բաց տեքստով ակնարկեց, որ Ռուսաստանը զենք չի մատակարարում Հայաստանին, թեև մենք 100 միլիոնավոր դոլարներ ենք վճարել դրա համար: Մյուս կողմից պարզ դարձավ, որ Հայաստանը զենք է գնում Հնդկաստանից: Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանն այլընտրանքային ուղիներ է փնտրում:

– Այո՛, իշխանությունները կարծես թե սկսել են դիվերսիֆիկացնել զենքի գնումները: Վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ ռուսական մատակարարումները մեզ համար խնդրահարույց են, որովհետև կամ ուշացնում էին, կամ դիտավորյալ ձգձգում, կամ էլ ընդհանրապես չէին մատակարարում, թեև հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված էին լինում: Սա ցույց է տալիս, որ Հայաստանն այլընտրանք չուներ, պետք է մտածեր զենք գնելու նոր ճանապարհների մասին:

Վերջապես, կարելի է ասել՝ սառույցը կոտրվեց: Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը առավելապես մեկ երկրից էր զենք գնում: Եթե Ադրբեջանը շուրջ 10 երկրից զենք էր գնում, Հայաստանի ռազմական գնումների 90 տոկոսից ավելին բաժին է ընկնում Ռուսաստանին: Սա նաև լուրջ լծակ էր Ռուսաստանի ձեռքին Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար:

– Նշվում է, որ Հայաստանը ժամանակակից «Պինակա» hամազարկային կրակի ռեակտիվ համակարգերի առաջին գնորդն է: Սա ի՞նչ կտա մեր բանակին, որքանով է սա հաջողված գործարք:

– Եթե հաշվի առնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը զենքի առումով շատ խղճուկ վիճակում է, ապա այժմ ցանկացած որակյալ զենք էլ մեզ պետք է: Այդ զենքի մասին շատ բան հայտնի չէ, հայտնի է, որ Հայաստանն այդ հրթիռների առաջին գնորդն է: Այն բավականին մեծ հեռահարություն ունի՝ 40-60 կմ կարողանում է հարվածել:

Նաև նշվում է, որ այդ զենքը հաջողությամբ փորձարկվել է Հնդկաստանի կողմից լեռնային պայմաններում: Քանի որ մեզ մոտ էլ ռելիեֆն այդպիսին է, ապա կարծում եմ՝ հաջողված ձեռքբերում է: Բայց մինչև գործնական կիրառում չունենա, չենք կարող ասել, թե որքանով էր հաջողված այդ գնումը: Ամեն դեպքում, ես դրական եմ գնահատում այս գործարքը:

– Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս սրան կվերաբերվի Ռուսաստանը, արդյոք սա չի՞ շարժի Մոսկվայի խանդը:

– Կարծում եմ՝ դա մեզ ընդհանրապես չպետք է հետաքրքրի: Ամեն դեպքում Ռուսաստանն էլ պետք է ըմբռնումով մոտենա, որովհետև Հայաստանի համար այժմ գոյաբանական խնդիր է ստեղծված: Տեսնենք՝ Ադրբեջանը շարունակո՞ւմ է ագրեսիա իրականացնել Հայաստանի սահմանների, Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, երբ ռուսական կողմից զենքի մատակարարումներ չեն գալիս:

Անկախ նրանից, թե իրեն ինչպես կպահի Ռուսաստանը, ինչպիսի վարքագիծ կդրսևորի, Հայաստանը պետք է շարունակի դիվերսիֆիկացնել զենքի գնումները: Ընդ որում՝ ոչ միայն Հնդկաստանից, այլ պետք է փորձեն նաև այլ շուկաներից ձեռք բերել զենքեր ու զինատեսակներ:

– Ռուսական կողմում ինչպե՞ս կընկալվի Նիկոլ Փաշինյանի ակնարկը, որ միլիոնավոր դոլարներ են տվել, բայց զենքը չի հասել Հայաստան:

– Մեզ դա այնքան էլ չպետք է անհանգստացնի, թե ինչպես կընկալվի ռուսական կողմում: Իրենք մտածելու տեղ ունեն, ոչ թե մենք, որովհետև բացի նրանից, որ մենք ռազմավարական դաշնակիցներ ենք, և իրենք պարտավորություններ ունեն Հայաստանի մասով, իրենք նաև չեն մատակարարել այն զենքերը, որոնց դիմաց նախապես վճարել ենք:

Դա չի բխում ռազմավարական դաշնակցի տրամաբանությունից, նաև որևէ բարոյական հարթության մեջ չի տեղավորվում: Այնպես որ, թե ինչպես կմտածեն իրենք, կնեղանան, թե ոչ, ինչ վարքագիծ կդրսևորեն, դա իրենց խնդիրն է: Մեզ համար առաջնային զենքի գնումն է:

– Իսկ ինչո՞ւ Ռուսաստանն այդ զենքը չի տվել, պայմանավորվածություն է խախտել: Ռուս-ուկրաինական պատերա՞զմն է պատճառը:

– Ես որքան գիտեմ, նախորդ տարի է գործարքը կնքվել, և իրենք կարող էին նախքան ռուս-ուկրաինական պատերազմը մատակարարումներ իրականացնել, բայց ձգձգել, ուշացրել են, հետո էլ արդեն պատճառ են բերել, որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Հայաստանի համար նախատեսված զենքն ուղարկվել է Ուկրաինա:

Այնինչ գործարքը կնքված է եղել նախորդ տարի: Հայկական կողմը 80 տոկոսը որպես կանխավճար վճարած է եղել: Իրենք կարող էին ավելի արագ այդ մատակարարումներն իրականացնել, մանավանդ որ Ռուսաստանն աշխարհում զենքի երկրորդ արտադրողն ու արտահանողն է:

Այնպես չէ, որ իրենք խնդիր ունեին արագ արտադրելու կամ իրենց պահեստներում չունեին այդ զենքերը: Շատ հաճախ այդպիսի ձգձգումները դիտվորյալ են եղել, նույնիսկ տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանի ժամանակ էլ դիտավորյալ տարիներով ձգձգում էին Հայաստանին զենքի մատակարարումը:

Մանե Հարությունյան

MediaLab.am