ՔՊ-ի երթերի համար ժամը 1000 դրամով հավաքագրվում են մասնակիցներ. «Ականատես»

Կուսակցություններն օգտվում են մարքեթինգային գործակալությունների ծառայություններից՝ գումարի դիմաց մարդկանց ներգրավվելով երթերի և քարոզչական թռուցիկների տարածման գործում։ Այս մասին ասվում է «Ականատես» դիտորդական առաքելության հայտարարության մեջ։ «Սոցիալական տարբեր ցանցերում քաղաքական երթերին մասնակցելու հայտարարություններ են տարածվում։

Մասնավորապես, Promo host գովազդային տեխնոլոգիաների կազմակերպությունն իր ինստագրամյան չատում հավաքագրում է աղջիկների՝ գումարի դիմաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական երթերին մասնակցելու համար։ Մասնակից աղջիկներին հանձնարարվում է կրել սպիտակ շապիկներ և ջինսե տաբատներ։ Նույն տեսքով քարոզարշավին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները։ Մասնակցել ցանկացողները պետք է նաև նախապես ուղարկեն իրենց լուսանկարը կազմակերպչին՝ հաստատում ստանալու նպատակով։ Մասնակիցները հրավիրվում են Սայաթ-Նովա 40 հասցեում գտնվող ՔՊ գլխամասային գրասենյակ, որտեղից մեկնարկում են քարոզչական երթերը։ Մասնակից աղջիկներին 1 ժամվա համար վճարվում է 1000 դրամ փոխհատուցում։ Գումարները փոխանցվում են անկանխիկ եղանակով՝ մասնակիցների բանկային քարտերին փոխանցման միջոցով։ Promo & More  ֆեյսբուքյան խումբը, որն ունի շուրջ 3000 մասնակից, ևս կիրառվում է որպես նմանատիպ հայտարարությունների հարթակ։ Մեկ այլ՝ City Promotion մարքեթինգային գործակալությունն այստեղ հավաքագրում է մասնակիցների՝ քարոզչական տարբեր միջոցառումներում թռուցիկների բաժանման, դրոշակների ծածանման համար։ Կազմակերպության ներկայացուցչի հետ զրույցում պարզ դարձավ, որ նմանատիպ ծառայություն մատուցում են մի քանի կուսակցությունների համար (կազմակերպությունը խուսափեց անուններ նշելուց)։ Այս դեպքում ևս մասնակիցներին մեկ ժամվա համար վճարվում է 1000 -2000 դրամ։ Ականատեսը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու համար արդյո՞ք վերը նշված գործողություններն ունեն ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով սահմանված՝ քայլերթերին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմի տարրեր։ Ականատեսն ունի վերը նշվածն ապացուցող մի շարք ձայնագրություններ և այլ նյութեր։ Անձնական տվյալների գաղտնիության պահպանման նկատառումներով առայժմ հրապարակվում են դրանց մի մասը»,- նշված է հայտարարության մեջ։