Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԵՄ ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը:

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում:

«Դուք այն եզակի մարդկանցից եք, որ շատ լավ գիտեք Հայաստանը և նաև աշխատանքի բերումով հետևել եք Հայաստան-ԵՄ համագործակցության վերջին տարիների ընթացքին: Մեր համագործակցությունը շատ լայն շրջանակ է ընդգրկում, ինչպես նաև ընթացքում նոր գաղափարներ, նոր ծրագրեր են առաջանում, որոնք ընդլայնում են այդ շրջանակները:

Այս դժվար ժամանակներում նույնիսկ, այդ աշխատանքը չի կանգնում՝ ընդգրկելով քաղաքական երկխոսությունից սկսած և ավարտած մեր առօրյա կյանքին վերաբերող շատ ոլորտներ:

Դա միանշանակ պայմանավորված է երկու կողմերի պատրաստակամությամբ, պայմանավորված է Եվրամիության ակտիվ մասնակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, Ադրբեջան-Հայաստան հակամարտության խնդիրների լուծման աշխատանքներին և, իհարկե, այս տարվա փետրվարից Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությամբ:

Հենց սա է գնահատելի, որ Եվրամիությունը շատ արագ արձագանքեց մեր նոր մարտահրավերներին, որոնք ծագեցին հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, և իրականում, մեր քաղաքական ու տնտեսական կյանքում Եվրամիության հետ հարաբերությունները նոր թափ են հավաքել և լրջագույն ու առաջնային դեր ունեն»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Դեսպան Մարագոսը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է.
«Պարոն նախագահ, շնորհակալություն ողջույնի խոսքի և ջերմ ընդունելության համար: Ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, որ այստեղ ծառայելու եմ որպես կապող օղակ ԵՄ կառույցների, Բրյուսելի, ինչպես նաև ԵՄ-ի քաղաքացիների միջև, որովհետև, ի վերջո, այն աջակցությունը, որ Եվրոպական միությունը ցուցաբերում է Հայաստանին մեր քաղաքացիների համատեղ ներդրումն է»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն բազմաշերտ համագործակցության հետագա ընդլայնման ու խորացման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման գործընթացին: Երկուստեք շեշտվել է ամենատարբեր ոլորտներում՝ սկսած պետական կառավարման համակարգի բարեփոխումներից, վերջացրած արևային էներգիայի կիրառման ընդլայնման շուրջ համագործակցության կարևորությունը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների և այս համատեքստում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության կարևոր դերակատարության վերաբերյալ:

Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է իր պատրաստակամությունը՝ հնարավորության սահմաններում աջակցել նորանշանակ դեսպանին պատասխանատու գործունեության ընթացքում և օժանդակել Հայաստան-ԵՄ փոխգործակցության հետագա սերտացմանը միտված նախաձեռնություններին:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը: