ՀՀ և ԼՂ հետ սահմանին Ադրբեջանի զինտեխնիկայի և ԶՈՒ կուտակումները վատթարացնում են մարդու իրավունքների պաշտպանության վիճակը. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացված բաց աղբյուրների մշտադիտարկումները, ինչպես նաև ստացված ահազանգերի վերլուծությունն ու ուսումնասիրությունը վկայում են, որ ադրբեջանական կողմը մեծ քանակությամբ զինտեխնիկա և զինուժ է կուտակում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծերի երկայնքով՝ առավել վատթարացնելով Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանի աշխատակազմում  իրականացված մշտադիտարկումները վկայում են, որ վերջին շրջանում առավել մեծ մասշտաբների են հասել ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի զենքերից թիրախային գնդակոծությունները ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերի, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների ուղղությամբ՝  իրական վտանգ ստեղծելով սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակչության հիմնարար իրավունքների տեսանկյունից: «Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից սահմանամերձ բնակավայրերում իրականացված  փաստահավաք աշխատանքների արդյունքները, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ հրապարակված արտահերթ զեկույցները վկայում են, որ բնակիչների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կյանքի և անվտանգության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, կրթության, սեփականության, բավարար կենսամակարդակի և զբաղվածության, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու  իրավունքների խախտումներն արդյունք են, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության և նպատակ են հետապնդում բնակիչներին պահելու լարված ու սթրեսային վիճակում՝ այդպիսով նպաստելով այդ տարածաշրջաններում հայաթափմանը և էթնիկ զտման քաղաքականությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:Այս համատեքստում Պաշտպանը բարձր է գնահատում Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունը (http://cuts2.com/ntBJu), որում դատապարտվում է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվելու ցանկացած միտում, ինչպես նաև արձանագրվում, որ Լաչինի միջանցքի շրջափակումն էթնիկ զտման վտանգ է ստեղծում տարածաշրջանի հայ բնակչության համար և սրում է  շարունակվող հումանիտար ճգնաժամը: Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանի զինված ուժերի նման գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու հիմնարար իրավունքներին վերաբերելի հանրաճանաչ սկզբունքները: Ուստի, միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատական տա և գործուն քայլեր ձեռնարկի վերահաս աղետը կանխելու ուղղությամբ: