Միրզոյանն ու Ֆինլանդիայի արտգործնախարարն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի

Սեպտեմբերի 18-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ:

Ի շարունակություն երկու նախարարների՝ օգոստոսի վերջին կայացած հեռախոսազանգի՝ Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնեն առավել մանրամասն քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնման հարցեր՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված առաջնահերթությունների վրա:

Այս համատեքստում ընդգծվել է առավել հավակնոտ քաղաքական օրակարգի ձևավորման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից 9 ամսից ավելի Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, 120 հազար բնակչության բոլոր հիմնարար իրավունքների խախտումները:

Ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժի վերականգնման հրատապությունըը: Կարևորելով մինչ օրս ԵՄ և իր անդամ պետությունների կողմից հնչած հասցեական ուղերձները՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի դադարեցմանն ուղղված հստակ քայլերի անհրաժեշտությունը: