Հայ Ձմեռ պապ 2011. Խոնավության մեջ, սարդերի և առնետների հարևանությամբ

Ղահրամանյանների կացարանը գտնելը երկար չտևեց. հետևելով դրսում լվացքը պարզաջրող հարևանի խորհրդին` քայլեցի բակով հոսող ջրի ուղղությամբ. այն ուղիղ տանում էր փնտրածս բնակարանի պատուհանի տակ` ներծծվելով պատերից ներս:
Այս ամենը բավական է հասկանալու համար, որ այդ կացարանը չի կարելի անվանել բնակարան, քանի որ դա նկուղ է, որտեղ կատարյալ խոնավություն է, և որում չկան ամենատարրական կենցաղային պայմաններ` խոհանոց, սանհանգույց…
10 տարի է արդեն, որ քսաներեքամյա Անահիտն իր մայրիկի հետ ապրում է երկմաս նկուղի մի սենյակում, որտեղ, ի տարբերություն մյուսի, գոնե երբեմն-երբեմն ցերեկային լուսավորություն է լինում:

Հենց այդ սենյակում է գտնվում նրանց միակ դեղ ու դարմանը` փայտի վառարանը, և հենց այստեղ են նրանք քնում, սնվում, լողանում: Սակայն մայրուաղջիկ այս կացարանի միակ բնակիչները չեն. նրանք «հարևաններ» էլ ունեն: Մայրը` Աիդան, պատմում է, թե ինչպես մի քանի անգամ անգամ գիշերն արթնացել է` անկողնում առնետ հայտնաբերելով կամ էլ վեր է թռել սարդի խայթոցից…

Այս նկուղում նրանց տեղավորել է Ստեփանակերտի նախկին քաղաքապետերից մեկը: Աիդան երկար տարիներ աշխատել է Ստեփանակերտի կարի ֆաբրիկայում, ուստի նրան օրենքով բնակարան էր հասնում: Տարիներ շարունակ սպասել է իր հերթին: Երբ այն արդեն մոտեցել է, ինչպես ինքն է ասում, քաղաքապետը բնակարանային հարցը լուծել է` ընտանիքին հատկացնելով խոնավ նկուղը և խոստանալով, որ դա ժամանակավոր կացարան է, և որ շուտով պատշաճ բնակարան կտեղափոխեն:

Բայց ահա արդեն 10 տարի է` Աիդան ու դուստրն այդ նկուղում պայքարում են խոնավության հետևանքով ձեռք բերած հիվանդությունների դեմ, իսկ բնակարանի հարցը շարունակում է մնալ օդից կախված:

Կենցաղի համար պետք եկող ջուրն Աիդան հավաքում է շշերի մեջ և պահում կիսաբորբոսնած պահարանի ներքևի դարակում: Վերևի դարակից նա հանում է կիսապատռված մի տոպրակ, որտեղ խնամքով պահում է տարիների ընթացքում կուտակված դիմում-նամակները: Այդ նամակների պատասխաններն իրարից գրեթե չեն տարբերվում`«ձեր բնակարանի հարցը քննարկման փուլում է»:

Աիդան երկրորդ կարգի հաշմանդամ է: Չորս տարբեր վիրահատություն է տարել: Հերթական վիրահատությունից հետո հաշմանդամության կարգը կրճատել են` պատճառաբանելով, որ վերջինս պետք է որ լիովին առողջացնի իրեն: Բայց Աիդան չի առողջացել, դեռ ավելին` զրկվել է դեղերի համար տրվող նպաստից: Սոցիալական ապահովության նախարարությունում փորձել է հասկացնել, որ վիրահատությունից հետո վիճակը նույնիսկ վատթարացել է, բայց, ինչպես ինքն է ասում, չեն էլ բարեհաճել լսել:

Անահիտն էլ ոտքերի ցավեր ունի: Ասում է, որ հատկապես իրիկունները ոտքերը կծկվում են ցավից, բայց հերթը դրանց բուժմանը չի հասնում` դեռ ականջն է բուժում, որ մրսածությունից բորբոքվել և թաղանթի թարախակալում է առաջացրել:

Անահիտը Աիդայի միակ զավակն է: «Ոնց որ փողով առած լինեմ, շատ դժվար եմ մեծացրել»,-արցունքներն աչքերին պատմում է Աիդան և հիշում, թե ինչպես էր պատերազմի ծանր օրերին Անահիտին ստիպված թողնում հարևանների նկուղում և ոտքով կիլոմետրեր կտրելով, կրակոցները համառորեն արհամարհելով` հասնում գյուղ, որպեսզի հաց բերի այնտեղից:

«Ամբողջ կյանքս վարձով եմ ապրել, հիմնականում` նկուղներում: Բնակարանի հերթ ունեի, բայց հերթն ինձ չի հասնում: Էն դժվար տարիներին շատ եմ տանջվել, մենակ եմ մեծացրել աղջկաս ու մինչև օրս էլ շարունակում եմ դժվար օրեր ապրել»:

Կենցաղային ծանր պայմանները Անահիտին թևաթափ չեն արել: Այս տարի հաջողությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանը և հենց իր 30 հազար դրամ ($ 83) աշխատավարձով էլ ծայրը ծայրին են հասցնում: Գյուղում ապրող տատիկն էլ իր թոշակը կուտակում ու ուղարկում է թոռնիկին` կոշիկի, հագուստի և մի կիլո «շագալաթի» համար:

«Միշտ երազել եմ, որ գոնե էնպիսի տուն ունենանք, որ արև ընկնի, լուսավոր լինի, որ չամաչեմ ընկերներիս հրավիրեմ: Ով մեր տուն ա գալիս, դուրս գալուց շորերից խոնավության հոտ ա առնում»:

Անահիտի շորերը, չնայած խոնավության հոտին, միշտ ճաշակով են, մաքուր, իրեն սազական: Եվ ընդհանրապես, սիրունատես Անահիտին դրսում տեսնելիս դժվար կռահես, թե ինչ պայմաններում է ապրում: Ասում է, որ երբեք չի բողոքում իր տխուր կյանքից:

«Ուղղակի շատ եմ նեղվում, որ պատկերացնում եմ` մի օր պիտի իմ ապագա փեսացուին այստեղ հրավիրեմ: Չեմ ուզում մտածել էդ մասին, վախենում եմ…»:

Արցախում ձմեռը ոչ այնքան Ամանորի շունչն է բերում, որքան որ պատերազմական տարիների երկա~ր ու ցուրտ ամիսների մասին դառը հիշողությունները, երբ մարդիկ իրենց նկուղներում հինգ կտոր փայտի հույսին օրեր էին լուսացնում:

Աիդայի ու Անահիտի համար այդ օրերը չեն էլ ավարտվել: Նրանք սարսափը սրտներում են սպասում ձմռան տաղտկալի ամիսներին` հիշելով, որ դրսում հալչող ձյունն իրենց սեղանի տակ ջրակույտեր է առաջացնելու, որ իրիկունները մի կերպ իրար համոզելով են մտնելու թաց ու բորբոսնած տեղաշորի մեջ, որ մի կիլո խնձորի փոխարեն հաճախ ստիպված են լինելու հարբուխի դեմ դեղեր առնել:

Այս ամենի մասին Արցախի հանրապետության գրեթե բոլոր գերատեսչություններում տեղյակ են: Մինչև անգամ նախագահ Բակո Սահակյանն է տեղյակ, ով դեռևս երեք տարի առաջ` ընտրարշավի ժամանակ, երբ Աիդան մոտեցել ու պատմել էր ամեն ինչ, խոստացել էր, որ ընտրվելու դեպքում չի նմանվի իր նախորդ գործընկերներին և կկատարի խոստումը…

Լուսինե Մուսայելյան

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայություն /www.azatutyun.am/

———————————————————————————————–

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը/http://haysanta.am/, համագործակցությամբ «Հետք» և «ՄեդիաԼաբ» առցանց պարբերականների, «168 ժամ», «Տեսանկյուն» թերթերի և «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության, ներկայացնում է «Հայ Ձմեռ պապ-2011» լրագրողական-բարեգործական թողարկումը:Այս համատեղ թողարկումը սկիզբն է Հայաստանում նոր`լրագրողական բարեգործական ցանցի գործունեության: Հոդվածը տպագրվում է «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի ծրագրի շրջանակներում: