Որպես իրավապաշտպան ես լռել չեմ կարող. Զառա Հովհաննիսյանն հայտարարությամբ է հանդես եկել

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Որպես իրավապաշտպան ես լռել չեմ կարող.

Բռնությունը ուժի, իշխանության ու վերահսկողության անհավասար բաշխումն է, որի արդյունքում տեղի են ունենում սարսափելի ոճրագործություններ: Բռնության ու բարբարոսության հակադրումը իրավունքն է, յուրքանչյուր մարդու իր հողում անվտանգ ապրելու իրավունքը, որն ամրագրված է բազմաթիվ կոնվենցիաներով: Այդ կոնվենցիաները քաղաքակիրթ աշխարհում պետք է լինեին ուժերի հավասարակշռման, բռնության հաղթահարման գործիքներ, որոնք չաշխատեցին:

Այսօր, երբ հայության մի մասը հանդիսացող Արցախը(Լեռնային Ղարաբաղ), որպես քաղաքակրթական միավոր ջնջվում է ժողովուրդների բազմազանության ներկապնակից, այդ բոլոր կոնվենցիաները դառնում են լոկ անբովանդակ թղթեր, որոնք չեն կարող իրավունքի ուժով կանխել բռնությունը:

Կեղեքված ժողովուրդ, որը 2020 թվականի պատերազմից հետո մնալով ամբողջովին մենակ, դիմադրելով ամիսներ տևած շրջափակմանը, սովահար ու խոշտանգված լքում է բազմադարյա հայրենիքը: 44-օրյա պատերազմից հետո արցախահայության գլխին կախված սուրը ճոճվեց, և այս ամենը բազմաթիվ կոնվենցիաների, միջազգային հանրության, համաշխարհային առաջնորդների անթարթ աչքերի առաջ:

Կրկնվեց 20-րդ դարասկզբի պատմությունը, որը չպետք է տեղի ունենար 21-րդ դարում:

Այսօր, երբ մեր հայրենակիցները ծանրագույն վիճակում են, մենք կոչնակ ենք հնչեցնում բոլոր միջազգային կառույցներին, առաջնորդներին, աշխարհաքաղաքական որոշումներ կայացնողներին՝ մարդու իրավունքների աղաղակող խախտումների, կանանց, երեխաների ու ծերերի մահվան ու տառապանքների, տղամարդկանց գերևարման ու այժմ էլ նրանցից հավաստիացումներ կորզելու, թե ինքնակամ են հեռանում, իրենց ոչ ոք այդտեղից չի ստիպում, որ հեռանան:

Դեռևս 100 տարի առաջ կատարված ցեղասպանության մասին Հրանտ ԴԻնքն ասում էր, որ նույնիսկ եթե հայերին ոսկե ինքնաթիռով տեղահան անեին, դա կլիներ ցեղասպանություն, քանի որ նրաց կտրում են իրենց արմատներից:

Այժմ ևս, հայերին կտրում են իրենց արմատներից, և ինչպես շատ դիպուկ նշված է Լեմկինի ինստիտուտի հայտարարության մեջ. «Արցախի քաղաքակրթության ոչնչացման գործում իրենց մեղսակցությունն ունեն համաշխարհային առաջնորդները։ Ո՛չ ԱՄՆ–ում, ո՛չ ԵՄ–ում, ո՛չ ՆԱՏՕ–ում, ո՛չ ՄԱԿ–ում չկա «Ցեղասպանության կանխարգելում» եզրույթը՝ չնայած բոլոր դասընթացներին, սիմպոզիումներին, գրքերին ու ճառերին»:

Եվս մեկ անգամ արձանագրվում է, որ բռնության հաղթանակը քաղաքակրթության հանդեպ իր հերթական ամրագրումն ունեցավ այսօր Արցախում՝ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ, որը չպետք է լռի:

ՈՒստի, պահանջում ենք. միջազգային կառույցներից, իրավապաշտպան հանրույթից, քաղաքականություն մշակող ու իրագործող առաջնորդներից իրենց ուշադրությունը սևեռել մարդու իրավունքների աղաղակող խախտումների վրա, գործուն ու անհապաղ քայլեր ձեռնարկել տեղահանված բնակիչների խնդիրների վավերագրման ու լուծման, հետագա աղետների կանխարգելման և բռնության շարունակական ընթացքի դադարեցման ուղղությամբ:

Հայտարարությունը բաց է միանալու և տարածելու համար»:

Միանալու համար սեղմել այստեղ: