Բլինքենը չի բացառում ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման հնարավորությունը. «Ազատություն»

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չի բացառում ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման և երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի նոր հանդիպման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Երբեք մի ասա «երբեք»: Ի վերջո, բոլորը, սկսած ուկրաինացիներից, ցանկանում են արդար և երկարատև խաղաղություն: Տեսնենք, արդյո՞ք երբևէ կհասնենք այն կետին, որտեղ դա հնարավոր է»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը The Atlantic ամսագրին տված առցանց հարցազրույցում:

Միաժամանակ Բլինքենը պնդել է, որ Վաշինգտոնում չեն խոսում աշխարհում նոր սառը պատերազմի մասին։

«Չեմ կարծում, որ մենք գտնվում ենք նոր սառը պատերազմի պայմաններում: Բայց մենք գտնվում ենք նոր դարաշրջանում, քանի որ, ինչպես տեսնում ենք, արդեն ավարտվել է հետսառըպատերազմյան ժամանակաշրջանը: Մենք հիմա գտնվում ենք լարված մրցակցության ժամանակաշրջանում, որի ընթացքում ձևավորվում է այն, ինչ վաղը պետք է լինի: Եվ Ռուսաստանն ու Չինաստանը տարբեր կերպ են ընկալում այդ մրցակցությունը»,- հայտարարել է Բլինքենը:

«Մեր հույսն այն է, որ Միացյալ Նահանգները կարող է լինել նա, ով մեծապես կձևավորի այս նոր դարաշրջանը»,- նշել է Էնթոնի Բլինքենը:

Նրա խոսքով, Վաշինգտոնը չի ձգտել Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը։

«Իրականում, երբ նախագահ Ջո Բայդենը ստանձնեց պաշտոնը, մենք փորձեցինք պարզել, թե արդյոք Ռուսաստանը շահագրգռված է պահպանել Միացյալ Նահանգների հետ ավելի կայուն, կանխատեսելի հարաբերությունները: Հիշեք, որ նախագահներ Բայդենը և Պուտինը հանդիպել են 2021 թվականի հունիսին Ժնևում»,- ասել է պետքարտուղարը:

Նրա խոսքով, ժնևյան հանդիպման նպատակն էր հասկանալ ռուսների դիրքորոշումը, սակայն Պուտինը նման հարաբերությունների կողմնակից չէր:

Բաց է մնում այն հարցը, թե արդյոք Մոսկվան անկեղծորեն պատրաստ էր «սառը պատերազմի» ավարտից հետո նոր հարաբերություններ կառուցել Արևմուտքի հետ։

«Կարծում եմ, պատմաբանները դրա մասին տարիներ շարունակ կխոսեն»,- ասել է ԱՄՆ պետական քարտուղար Բլինքենը: