Պիոնե՞ր, թե՞ հոկտեմբերիկ. դատե՛ք ինքներդ

Պիոնե՞ր, թե՞ հոկտեմբերիկ. դատե՛ք ինքներդ
Պիոնե՞ր, թե՞ հոկտեմբերիկ. դատե՛ք ինքներդ

Ընթերցողի համար անհասկանալի ոչինչ չթողնելու նպատակով մեկնաբանենք հետևյալ բառերի իմաստները. պիոներ՝ ա) առաջին անգամ անծանոթ երկիր թափանցած և այնտեղ բնակություն հաստատած մարդ, բ) (փոխ.) – որևէ բնագավառում նոր ուղղություն սկզբնավորող, նոր ուղղություն կամ մեթոդներ հիմնադրող մարդ, հիմնադիր, ռահվիրա, հոկտեմբերիկ՝ ցածր դասարանի դպրոցական, որը պատրաստվում է պիոներ դառնալ և ղեկավարվում է պիոներական ջոկատի կողմից ( ըստ Է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանի»):

Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ տարբեր ոլորտներում սկսեցին իրականացվել լայնածավալ բարեփոխումներ, ինչից զերծ չպետք էր մնար նաև կրթության համակարգը, այդ թվում նաև՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:

Ամեն ինչ սկսվեց, երբ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Ռուբեն Հայրապետյանը: Իհարկե, առաջին հայացքից զարմանալի ոչինչ չկար: Ոմանք 32-ամյա երիտասարդ գիտնականի, դոկտոր պրոֆեսորի նշանակումը ողջունեցին և համոզված էին, որ նա պետք է դառնա բուհական նոր համակարգի պիոները, նոր որակի համալսարան կերտողը: Համեստությամբ աչք շլացնող երեիտասարդը, իրեն վերապահելով ռահվիրայի դեր, իր հարցազրույցներից մեկում նույնիսկ նշեց, թե՝ «… այդ ամբողջն իմ կողմից միսիոներական անձնազոհության հարց է»։

Այժմ ամեն ինչ սկզբից: Մինչ ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելը` 2018 թվականի սեպտեմբերին, Ռ. Հայրապետյանը նշանակվեց համալսարանի կառավարման ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար: Ընթերցողին չհոգնեցնելու համար այս հոդվածում չենք ներկայացնի նշված պաշտոնում նրա անօրեն գործունեության և ամբարտավան պահվածքի մանրամասները, սական զարմանալին այն էր, որ Հայրապետյանը ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց անմիջապես այն բանից հետո, երբ կառավարման ամբիոնի քսաներեք դասախոս նամակ հղեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին( և՛ վարչապետը, և՛ նախարարը առ այսօր այդ նամակին չեն արձագանքել):

Նամակի բովանդակությունը հանգում էր հետևյալին՝ Ռ. Հայրապետյանի կամայականությունների պատճառով ամբիոնում աշխատելը անտանելի է դարձել, և նրա հետագա պաշտոնավարումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:

Ռեկտորի պաշտոնակատար նշանակվելուց հետո Ռ. Հայրապետյանն անմիջապես ձեռնամուխ եղավ համալսարանի «բարեփոխմանը», որի գլխավոր կրեդոն դարձավ «իմ դեմ խաղ չկա, և ով իմ խաղի կանոններով չշարժվի՝ համալսարանում տեղ չունի»: Հավատացած լինելով, որ, ինչպես ինքը բնորոշեց իր ֆեյսբուքյան մեկնաբանություններից մեկում, «բոլորը ստրկամիտ են», նա սկսեց իր հաղթարշավը:

Շատերը ծանոթ չէին նորաթուխ ռեկտորի պաշտոնակատարի գործելաոճին և իրական նպատակներին, ուստի հույս էին փայփայում, թե համալսարանում երկար սպասված բարեփոխումները ի վերջո իրականություն կդառնան: Սակայն բարեփոխումներն ավելի շատ վերածվեցին բարեքանդման, այդ գործընթացները գնալով արմատացան՝ հիմնվելով ապօրինությունների վրա:

Ամեն ինչ գագաթնակետին հասավ «Գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման» կանոնակարգի ընդունմամբ և դրա հիման վրա հայտարարված թափուր դասաժամերի մրցույթով, որոնք բազմաթիվ հակասություններ ունեն ՀՀ Սահմանադրության, ՀՀ աշխատանքային օրենսգրքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքների, ինչպես նաև ՀՊՏՀ-ի Կանոնադրության դրույթների ու պահանջների հետ։

Ընդունված կանոնակարգի համաձայն, մրցույթին մասնակցելու համար դիմած հավակնորդների ներկայացրած անհրաժեշտ փաստաթղթերը քննարկելու նպատակով ռեկտորի հրամանով ձևավորվեցին մրցութային հանձնաժողովներ: Սակայն զավեշտն այն էր, որ վերոհիշյալ կարգով ներկայացված չափանիշները ստուգելու համար հանձնաժողովի անդամների մեծ մասը ոչ միայն չուներ նման իրավունք, այլ նաև անհրաժեշտ արհեստավարժություն: Մաթեմատիկայի, օտար լեզուների, վիճակագրական ծրագրերի ստուգումը իրականացվել է հանձնաժողովի ոչ մասնագետ անդամների կողմից:

Հանձնաժողովներում իրավասություն ունեցող միակ անդամը ամբիոնի վարիչն էր, ով կարող էր ստուգել հայցորդի մասնագիտական գիտելիքները: Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դասախոսներին հարցեր է տվել մաթեմատիկայի հետ ոչ մի կապ չունեցող անձը, օտար լեզուների ամբիոնի դասախոսներին հարցեր է տվել անձ, ով այդ դասախոսների մոտ դեռ ժամանակին պետք է ասպիրանտական քննություն հանձներ «Օտար լեզվից», սակայն չի հանձնել և անգամ TOEFL-ի վկայագիր չունի (այսպես ասած՝ ինքնուս է):

Հակառակ դրան, այլ ամբիոնների մրցույթների ժամանակ հանձնաժողովի անդամները կոտրատված անգլերենով հարցեր են տվել TOEFL-ի վկայագիր ունեցող անձին, ով չի հավաքել անհրաժեշտ 5 միավորը: Ի դեպ, սլավոնական համալսարանում երկարամյա փորձ ունեցող դասախոսը զրո է ստացել ռուսերենից:

Եղել են դեպքեր, երբ հանձնաժողովի նախագահը հարցեր է տվել և ստուգել՝ օգտվելով թղթի կտորի վրա գրված հուշումներից, երբ բակալավրիատը նոր ավարտած և դիպլոմը դեռ չստացած հանձնաժողովի անդամը հարցեր է տվել գիտությունների թեկնածուին, երբ հանձնաժողովի անդամը վիճակագրական ծրագրերի իմացության հարցեր է տվել մրցույթի այն մասնակցին, ում հետ առաջին անգամ և նույն ժամանակահատվածում մասնակցել է նույն դասընթացին, ստացել է նույն վկայագիրը: Նույն վկայագրերը մի թեկնածուի դեպքում հաշվի են առնվել, մյուսի դեպքում՝ ոչ, նույն թեկնածուն նույն փաստաթղթերով մի ամբիոնում հաղթել է, մյուսում՝ ոչ, այն դեպքում, երբ նրան ոչ մի մասնագիտական հարց չի տրվել:

Զարմանալին այն է, որ հենց ՀՊՏՀ-ի կողմից տրված վերապատրաստման վկայագիրն է համարվել առ ոչինչ: Մրցույթը տեղի է ունեցել փակ դռների հետևում, «քննասենյակում» ներկա են եղել հանձնաժողովի անդամներն ու հարցվորը: Գործընթացը ոչ տեսանկարահանվել է, ոչ ձայնագրվել, ոչ էլ դիտորդներ են ներկա եղել, իսկ մրցույթի մասնակիցներին թույլ չեն տվել հետևել մյուսներին։ Միայն հարցվորների խոսքերը համադրելով է պարզ դարձել, որ այն անցել է երկակի ստանդարտներով, և հարցերը տրվել են կամայական՝ թիրախավորելով հավակնորդներին:

Մասնակիցներին չեն ներկայացվել մրցույթի արդյունքում ստացած առանձին չափանիշները և ամբողջական գնահատականները, ու մինչ օրս էլ վերջնականապես չեն հրապարակվել մրցույթի արդյունքները, ուստի շատերը չգիտեն՝ իրենք հաղթահարե՞լ են այն, թե՞ ոչ: Իսկ ռեկտորի հեգնական հարցին, թե ինչո՛ւ են «բողոքողները» մասնակցում մրցույթին, պատասխանենք. մասնակցել ենք, որ մեր աչքերով տեսնենք իրականությունը:

Եթե փորձենք չբացառել անմեղության կանխավարկածը, ապա ռեկտորի պաշտոնակատարը կհայտնվի «հոկտեմբերիկի» կարգավիճակում, ով չի տիրապետում բուհում ստեղծված իրավիճակին: Իսկ եթե ոչ, ապա…

Ինչ եք կարծում՝ սա՞ է նորարար, ավելի լավը կերտող առաջնորդի ոճը: Իհարկե ո՛չ: Սա նման է անփորձ, ինքնահաստատման կարիք ունեցող անձի վարքագծի:

Մրցույթի արդյունքների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ բուհում մնալու են այն մարդիկ, ովքեր բարձր ծափահարում են Ռ. Հայրապետյանին կամ վերին էշելոններում ունեն ազդեցիկ ծանոթներ, իսկ համալսարանից դուրս են մնացել հիմնականում այն դասախոսները, որոնց ներկայությունը, մեղմ ասած, ձեռնտու չէ ռեկտորի պաշտոնակատարին, ովքեր խանգարելու են համալսարանում անօրինականության և պարտադրված օտարածին արժեքների հաստատմանը: 

Արդյոք պատճառը ծանոթությունն ու հովանավորչությունը չէ՞, որ թեև վաղուց լրացել է ժ/պ-ի պաշտոնավարման՝ օրենքով նախատեսված ժամկետը, և կան ապօրինությունների անժխտելի փաստեր, սակայն նա ոչ միայն շարունակում է պաշտոնավարել, այլ նաև ապագայի ծրագրեր է կառուցում:

Մի՞թե կարելի նման դիլետանտություն ցուցաբերել, այն դեպքում, երբ յուրաքանչյուր քայլափոխում «առաջամարտիկ» ռեկտորը խոսում է իր՝ որպես երիտասարդ գիտնականի հաջողությունների, ձեռքբերումների, իր թիմի պրոֆեսիոնալիզմի ու ունեցած անգնահատելի արդյունքների մասին: 

Պիոնե՞ր, թե՞ հոկտեմբերիկ. դատե՛ք ինքներդ…

Հասմիկ Հարությունյան, ՀՊՏՀ դասախոս, տնտեսագիտության թեկնածու (եւ ընկերներ)