Ինչպես Վրաստանը դիմակայեց կորոնավիրուսին՝ պարետային ժամ, մեծ տուգանքներ և այլն. «կարծրատիպը, որ վրացիները կարգապահ չեն, կոտրվեց»

Վրաստանում բնակվող «Ալիք մեդիայի» լրագրող Լիզա Թորոսյանը Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի հաջողությունը տեսնում է նաևառաջ կառավարության արագ արձագանքման գործողություններում։ 

«Փաստորեն այն կարծրատիպը, թե վրացիները կարգապահ չեն, կոտրվեց։ Այստեղ տուգանքները մեծ դեր խաղացին, մարդկանց գրպանին «հարվածելով»՝ պետությունը սովորեցրեց մեզ տանը նստել»,- ասում է նա։

Վրաստանում առաջին վարակման դեպքն արձանագրվել է փետրվարի 26-ին։

Ինչպես Թորոսյանն է նշում, մինչ այդ վարակաբաններն արդեն պատրաստ էին․ «Բնակչությանը զգուշացնում էին վարակի մասին: Այստեղ մեծ դեր է կատարում նաև Թբլիսիում տեղակայված Լուգարի լաբորատորիան, թեստերն այստեղ էին ուղարկվում, չնայած պարբերաբար թեստեր ձեռք են բերվել տարբեր երկրներից»։

Թորոսյանի դիտարկմամբ՝ Վրաստանը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում բավականին արդյունավետ մեթոդ էր մշակել՝ կապված արտակարգ դրության ու դրա շրջանակներում մտցված սահմանափակումների հետ:

«Հիմնականները թվարկեմ՝ պարետային ժամը 21:00-ից 06:00-ը, ինչպես նաև հանրային ու փակ տարածքներում մարդկանց կուտակումների արգելքները (3-ից ավելի մարդու կուտակումն արգելված էր), ավտոմեքենաներին սա ևս վերաբերում էր, 3-ից ավելի, այդ թվում՝ վարորդը մարդու՝ մեքենայով տեղաշարժվելու դեպքում խախտում էր արձանագրվում: 

Այս բոլոր խախտումները տուգանվում էին ֆիզիկական անձանց համար 3000 լարիով (1000 ԱՄՆ դոլար), իրավաբանական անձանց համար՝ 15000 լարիով: Խոշոր քաղաքներում ելումուտն արգելված էր, որոշ քաղաքներում կամ շրջաններում էլ՝ խիստ կարանտինային ռեժիմ էր սահմանված։ Առաջին անգամ մարտի 21-ին արտակարգ դրություն սահմանվեց մեկ ամսով, որը հետո երկարաձգվեց»,- նշում է լրագրողը։

Թորոսյանն ասում է, որ խիստ սահմանափակումները, ինչպես նաև 1000 դոլարով տուգանվելու վախը, մեծ ազդեցություն գործեցին մարդկանց վրա: 

«Պարետային ժամի սահմանումն ու տուգանքներ սահմանելը, կարծում եմ՝ Վրաստանի ամենախելամիտ քայլն էին: Նույնիսկ այս պահին, երբ արտակարգ դրություն այլևս չկա, շատ սահմանափակումներ դեռևս գործում են, հայտնի չէ հանրային տրանսպորտի գործունեության վերականգնման ամսաթիվը: Ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը 00:00-ից, երբ արտակարգ դրությունը հանվել է, մինչև այս պահը 6 նոր դեպք է գրանցվել ընդամենը»,- նշում է նա: 

Վրաստանում կարանտինը հսկվել է ոստիկանության կողմից՝ շատ խիստ, քանի որ եղել են նաև կարանտինային գոտուց փախչողներ և վարակը տարածողներ։

Երկրում հետևողական կերպով նաև կատարվել է ախտահանում՝ յուրաքանչյուր հնարավոր ու անհնար վայրերը՝ տերմինալ, դուռ, խանութ, սրճարան, կանգառ, մուտքեր։

 Լուսանկարը՝ «Ալիք Մեդիա»-ի 

Թորոսյանն ասում է, որ մարդիկ վարակից զերծ մնալու համար սոցիալական հեռավորություն են պահպանում, փակ տարածքներում պարտադիր է դիմակ կրելը։ 

«Որոշ ժամանակ խանութում 3-ից ավելի մարդ չէր թույլատրվում, սուպերմարկետներում՝ 10-ական մարդ էին թողնում, դիմակ կրելը պարտադիր է մինչև հիմա, հերթ կանգնելուց էլ՝ սոցիալական հեռավորությունը պահպանվում էր: Հիմա սուպերմարկետներ մտնելիս թերմոսկրինինգ են անում, ալկոգել տալիս, ու ձեռնոցները դրված են, ըստ ցանկության կարող ենք վերցնել»։

Այնուամենայնիվ նշում է, որ արտակարգ դրության ընթացքում, ըստ ՆԳՆ-ի հրապարակած տվյալների, օրվա կտրվածքով 100-ից ավելի պայմանների խախտման դեպքեր էին արձանագրվում։

«Մի դեպք էլ ասեմ, երբ սննդի օբյեկտները փակ էին, մարդիկ հավաքվում էին մեծ այգիներում (Թբիլիսիում՝ Լիսի ու Կու լճերի տարածքում), ու պետությունը փակեց էդ այգիները, կուտակումները շատ էին»,- նշում է նա։

Հայաստանում օրեցօր ավելացող դեպքերին անդրադառնալիս կարծում է, որ խնդիրը պետք է փնտրել վարակման առաջին դեպքերի շարքում: «Քեյսը մեծ էր, դժվար էր կոնտակտների վերահսկումն իրականացնել: Համեմատելով Վրաստանի հետ ասեմ՝ այստեղ Մառնեուլիում մեծ կոնտակտներով դեպք հայտնաբերելուց հետո շրջանն ամբողջովին փակվեց, ու խիստ կարանտինային գոտի հայտարարվեց»:

Լրագրողը, անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ Հանրային խորհրդի անդամների հետ օնլայն քննարկման ժամանակ հնչեցրած մտքին, որ Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի քիչ լինելը թեստերի որակով ու թեստավորման մեթոդաբանությամբ է պայմանավորված, անհամաձայնություն է հայտնում։

 «Թեստերի խնդիր, կարծում եմ՝ չի կարող լինել, մեծ քանակությամբ թեստեր պարբերաբար ձեռք են բերվում,- ասում է նա և անդրադարձ կատարում վրացական մամուլում նշված հայտարարության վերաբերյալ արձագանքներին,- Արսեն Թորոսյանի հայտարարությունը տարածվեց այսպես. «ՀՀ առողջապահության նախարարը կասկածի տակ է դրել Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված վիճակագրությունը», սրան հետևեցին արձագանքներ՝ ինչպես վարակաբանների, այնպես էլ զուտ սոցցանցերում:

Երկրի գլխավոր վարակաբաններից Թենգիզ Ցերցվաձեն հայտարարել է, որ Արսեն Թորոսյանը պետք է ներողություն խնդրի Վրաստանից այս հայտարարության համար, մյուս վարակաբանը՝ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն նշել է, որ զարմանալի է, որ նման ոչ դիվանագիտական հայտարարություն է արվել հարևան եղբայրական երկրից: Մարինա Էգուգբաիան, որը մայրաքաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրենն է, ևս մեկ անգամ հաստատել է, որ տվյալները ճշգրիտ են և վերջ:

Սոցցանցերում վրացի օգտատերերը ատելության լեզվով մեկնաբանություններ են թողել, ինչը սպասելի էր նման վերնագրերով նյութերի հրապարակումից հետո»,- ասում է լրագրողը:

Թորոսյանը, վրացական փորձը հաշվի առնելով, խորհուրդ է տալիս Հայաստանում բնակվողներին հետևել կանոններին և պահպանել հիգիենայի կանոնները․ «Հայաստանցի ընկերներիս հետ շփվելիս սկզբնական շրջանում հիմնականում մեջս տպավորություն էր, որ չեն գիտակցում թե ինչ լուրջ խնդրի առաջ են կանգնած, իսկ երբ գիտակցեցին, արդեն ուշ էր: Ամեն դեպքում, թեև արգելքները հանվել են, խորհուրդ կտայի պահպանել սոցիալական հեռավորություն, դիմակ, ձեռնոց կրել ու աշխատել տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Բոլորին առողջություն ու համբերություն»,- նշում է նա։

Արփինե Արզումանյան

MediaLab.am