Լավրովի կարծիքով՝ չնայած ԼՂ-ի պատերազմին՝ հայ-ռուսական ջերմ հարաբերությունները պահպանվել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Аргументы и факты» պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին։

Մասնավորապես, լրագրողի հարցին՝ Ռուսաստանին հաջողվե՞լ է պահպանել Հայաստանի հետ ջերմ հարաբերություները՝ չնայած Ղարաբաղում զինված հակամարտության անբարենպաստ ելքին, Լավրովը պատասխանել է, որ հայ-ռուսական հարաբերությունները ստուգվել են ժամանակի ընթացքում։

Նա նշել է, թե կասկած չունի, որ հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխադարձ վստահության, ռազմավարական գործընկերության ու դաշնակցային փոխգործակցության ոգով։

«Մեր երկիրը միշտ պատրաստ է ուս ուսի տալ եղբայրական հայ ժողովրդին։ Դրա վկայությունն է Ռուսաստանի միջնորդական առաքելությունը՝ անձամբ նախագահ Պուտինի, որի շնորհիվ մեզ հաջողվեց հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական առճակատման ավարտին 2020 թվականի աշնանը և տարածաշրջանում սկսել իրավիճակի կարգավորման գործընթաց»,- ասել է Լավրովը։

Նա վստահեցրել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հաջողությամբ իրագործվում է։

«Այսօր կարող ենք ասել, որ Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ համաձայնությունը՝ արձանագրված 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի հայտարարություններում, ընդհանուր առմամբ, հաջողությամբ իրականացվում է։ Դա վերաբերում է, մասնավորապես, հակամարտության հումանիտար ու սոցիալ-տնտեսական հետևանքներին, Հարավային Կովկասում տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակմանը։ Ռուսական օգնությունը բարձր է գնահատվում մեր հայ ընկերների կողմից»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նա, միաժամանակ, նշել է, որ Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղի խնդրով։ Լավրովի խոսքով՝ առկա է աննախադեպ ակտիվ ու վստահելի քաղաքական երկխոսություն բարձր մակարդակով և ոչ միայն։

«Միայն այս տարի մեր երկրների ղեկավարները հանդիպել են երկու անգամ, անցկացրել բազմաթիվ հեռախոսազանգեր։ Մայիսի սկզբին կայացավ իմ այցը Երևան»,- հիշեցրել է Լավրովը։

Ռուսաստանցի դիվանագետը նաև նշել է, որ համավարակի հետևանքների հաղթահարման համար ՌԴ-ն Հայաստանին է մատակարարել տասնյակ հազարավոր «Sputnik V» պատվաստանյութ։

Լավրովի հավաստմամբ՝ հաջողությամբ զարգանում են նաև կապերը առևտրի ու տնտեսության ոլորտներում, որին նպաստում են տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահների պարբերական հանդիպումները։

Աղբյուր՝ Factor.am