Մասնավոր ընկերությունները Covid-19-ի դեմ պատվաստանյութ ներկրելու հայտեր են ներկայացրել

Հայաստանում լիցենզիա ունեցող մասնավոր ընկերությունները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ներկրման թույլտվություն ստանալու հայտեր են ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարություն: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց  ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Մասնավոր ընկերությունները ևս հայտեր են ներկայացրել, որ հնարավորություն ունենան ներկրելու և գործընթացին մասնակից լինելու: Լիցենզիա ունեցող մասնավոր ընկերությունները՝ մեծածախ դեղագործական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցողները հայտեր են ներկայացնում Առողջապահության նախարարություն՝ մատնանշելով և պատվաստանյութի տեսակը և քանակը»,- ասաց Ավանեսյանը:

Մասնավոր ընկերությունները պետք է ստանան մեկանգամյա ներկրման թույլտվություն, հետո միայն կարող են օգտագործել պատվաստանյութերը՝ նախարարի կողմից հաստատված հստակ չափորոշիչներով: Այսինքն՝ նրանք պետք է բավարարեն գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ պայմանները:

Հայաստանում ապրիլի 13-ից սկսվել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ լայնածավալ պատվաստումների գործընթացը: Հայաստանի Հանրապետությունը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «AstraZeneca» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, ձեռք է բերել «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով: «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Ապրիլի լույս 8-ի գիշերը Հայաստան է բերվել նաև ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ: «AstraZeneca»-ով պատվաստման համար սահմանվել է տարիքային շեմ: Սահմանված խոցելի խմբերի ներկայացուցիչներին պատվաստումն իրականացվում է անվճար: