Երեխան երբեք չպետք է դառնա որևէ իրավական կամ քաղաքական գործընթացի տուժողը․ Զարուհի Հովհաննիսյան

Իրավապաշտպան, «Արդարության նոր մշակույթ» ՀԿ համահիմնադիր Զարուհի Հովհաննիսյան մտահոգություն է հայտնել կալանավորված Արեգնազ Մանուկյանի և նրա 13-ամյա դստեր շփման արգելքի վերաբերյալ՝ ընդգծելով, որ մեծահասակների նկատմամբ իրականացվող իրավական գործընթացներից անկախ՝ յուրաքանչյուր որոշման առաջնային չափանիշը պետք է լինի երեխայի լավագույն շահը։

Հիշեցնենք՝ դատարանն արգելել է կալանավորված Արեգնազ Մանուկյանին շփվել նաև իր 13-ամյա դստեր հետ։ «Ազատության» փոխանցմամբ՝ Մանուկյանի փաստաբանը հայտնել է, որ երեխան արդեն 12 օր է՝ զրկված է մոր հետ նույնիսկ հեռախոսով խոսելու հնարավորությունից, իսկ փաստաբանը դարձել է նրանց միջև միակ կապող օղակը։ Պաշտպանական կողմը պնդում է, որ երեխայի հետ շփման արգելքը որևէ դատավարական շահով հիմնավորված չէ և պատժիչ բնույթ ունի։

Զարուհի Հովհաննիսյանը գրել է․

«Երեխան երբեք չպետք է դառնա որևէ իրավական կամ քաղաքական գործընթացի անուղղակի տուժողը։

Արեգնազ Մանուկյանի 13-ամյա դուստրն արդեն 12 օր է զրկված է մոր հետ նույնիսկ հեռախոսով խոսելու հնարավորությունից։

Արեգնազ Մանուկյանի փաստաբանի փոխանցմամբ, որը դարձել է մոր և երեխայի միջև միակ կապող օղակը, երեխան մոր մասին խոսելիս հուզվում է։ Մոր և երեխայի շփման արգելքի հարցը անհրաժեշտ է լրջորեն դիտարկել, քանի որ դեռահասության տարիքում ծնողի հետ անվտանգ հուզական կապը երեխայի հոգեկան կայունության կարևորագույն հենարաններից է։

Մորից երկարատև և լիակատար մեկուսացումը կարող է առաջացնել ուժեղ անհանգստություն, անապահովության զգացում, մեղավորության զգացում, դեպրեսիվ դրսևորումներ, ուսման և սոցիալական հարաբերությունների դժվարություններ, ինչպես նաև խորացնել հոգեբանական տրավման։

Անկախ մեծահասակների նկատմամբ իրականացվող իրավական գործընթացներից՝ յուրաքանչյուր որոշման առաջնային չափանիշը պետք է լինի երեխայի լավագույն շահը»։