«Եթե մարդիկ ուզում են գործ գտնել, գտնում են, ո՞վ ասաց, որ դրա համար պետք չի տանջվել, բայց գործը հազար անգամ ավելի լավ է, քան գողությունը». Ռուբեն Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

– Պարո՛ն Բաբայան, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում լուսանկարների շարք էիք հրապարակել և գրել՝ որոշ երկրներում մի ծառ փրկելու համար ճանապարհի ուղղությունն են փոխում, իսկ որոշներում էլ՝ ճանապարհ փակում, որ անխնա ծառ կտրեն։ Այն, ինչ տեղի ունեցավ Իջևանում ծառահատումների հետ կապված, մշակութային, կրթակա՞ն խնդիր է։

– Պատճառներից երկուսը դուք նշեցիք, նաև՝ քաղաքացիական։ Եթե դա քոնն է, քեզ է պատկանում, քո տան մեջ երբեք նման բան չես անի, որովհետև բոլոր դեպքերում դու մտածում ես քո տունը, քո ընտանիքը նորմալ ապրելու մասին։

Սա գիտակցության պրոբլեմ է, որովհետև մենք բոլոր դեպքերում դա չենք հաղթահարել, որ մեր երկիրն ընկալվի որպես մեր սեփականությունը, մեր տունը։ Եվ այն ամենը, ինչ կատարվում է երկրի հետ, մենք շարունակում ենք ապրել Օսմանյան կայսրության կամ Ռուսական կայսրության հպատակի կարգավիճակում։ Մտածում ենք՝ սա մերը չի, ինչ-որ տեր ունի, ու տիրոջից ինչ էլ գողանանք՝ քյար է։ 

Կարևորը այսօրվա հացի խնդիրը լուծենք։ Շատ հաճախ այդ հացի խնդիրը պարզապես դեմագոգիա է, դա հացի խնդիր չէ, և գողությունը չի կարող այդպիսին համարվել։ 

Երբեմն աղքատը, քյասիբը, նա, ով բողոքում է, որ հաց չունի և այլն, միանգամից դառնում է ազգային հերոս։ Եվ հակառակը, մարդը, ով կարողանում է հաց վաստակել առանց որևէ բան փչացնելու, ուրիշին վնաս տալու, պարզապես անուշադրության է մատնված։ 

Եթե հիմա փորձենք նմանատիպ օրինակներ հիշել, չենք կարողանա, ոչ թե որովհետև այդպիսիք չկան, այլ որովհետև դրանք հետաքրքիր չեն։ Ես չգիտեմ, թե ինչպես է պետք աշխատել այդ ուղղությամբ, բայց որ շատ կոնկրետ գաղափարախոսություն պետք է գնա, որ սա մեր տունն է, սրանում չեմ կասկածում։ 

Երբ սեփական տան հանդեպ գողության վերաբերմունք է, ոչ մի ներում այդտեղ չկա։ Ես չեմ ապրում Իջևանում, բայց դա իմ անտառն է, ես չեմ բնակվում Սևանում, բայց դա իմ լիճն է, ես չեմ ապրում Գորիսում, բայց դրանք իմ լեռներն են։ Ճիշտ նույնկերպ սևանցու համար Երևանն իր տունն է։ 

Այս տեղայնացումից, որ սա մերն է, և այստեղ մենք ինչ ուզենք կանենք, որովհետև տարիներ, տասնամյակներ շարունակ այդպես ենք ապրել, այ սա՛ պետք է դուրս գա մարդկանց միջից։ Ապրել եք այդպես, այլևս չեք ապրելու, և այստեղ ես կողմնակից եմ ամենախիստ մեթոդների։ Ու երբ ասում են՝ դե, եկեք գործ տվեք այդ մարդկանց, գործ լիքը կա։ 

Փորձը ցույց է տալիս, որ եթե մարդիկ ուզում են գործ գտնել, գտնում են։ Իսկ ո՞վ ասաց, որ դրա համար պետք չի տանջվել, ո՞վ ասաց, որ պետք չի ռիսկի դիմել։ Բայց գործը հազար անգամ ավելի լավ է, քան գողությունը։ 

– Սա տարիներ տևած ամենաթողության դրսևորո՞ւմ է։ Եվ ի՞նչ լուծում է այն պահանջում։

– Այո՛, իհարկե։ Սա ձևավորված հոգեբանություն է։ Անտառը կտրենք՝ ծախենք, ձուկը բռնենք՝ տանենք ծախենք։ Լիճը, անտառը կչորանան, թե ինչ կլինեն, մեզ չի հետաքրքրում, ինչ ուզում է՝ թող լինի։ Սա օրվա ապրողի հոգեբանություն է։ 

Երբ հաճախակի խոսում ենք այն մասին, թե որքան շատ ենք սիրում մեր երեխաներին, իրականում չենք սիրում, որովհետև մենք իրենց համար դժոխք ենք պատրաստում։ Մենք գիտե՞նք, չէ, որ չարորակ հիվանդությունների ամենամեծ տոկոսը Հայաստանում է։

Որտեղի՞ց է դա գալիս, հիմնականում կլիմայի փոփոխություններից է գալիս։ Երբ մենք կսկսենք ընկալել, որ սա մեր տունն է, և ինչպես քո տանը չես կարող ապականել ամեն ինչ, չես կարող տան եղած-չեղածը տանես վաճառես, որ ապրես, այնպես էլ ողջ երկրում, դժվար է լինելու փոփոխությունների հասնել։ 

Չէ՞ որ Հայաստանը մեր բոլորի տունն է։ «Հանրային գողությունը գողություն չէ» մոտեցումը պետք է վերացնել։ Մարդիկ ոչ թե պետք է թագավոր ու բարերար փնտրեն ու խնդրեն, թե՝ արի մեզ օգնիր, այլ պետք է գիտակցեն, որ իրենք են տերը։ 

Այս մարդը ադմինիստրատոր է, ունի որոշակի ֆունկցիաներ, որոնք պետք է կատարի, բայց դա չի նշանակում, որ ես իմ տիրոջ իրավունքները հանձնել եմ ինչ-որ մեկին։ Որևէ մեկին չեմ հանձնել, չեմ էլ պատրաստվում հանձնել, չեմ էլ պատրաստվում հանդուրժել, որ ուրիշ մեկն իր իրավունքները հանձնում է, որովհետև դա բերում է սրան, ինչ ունենք՝ բացարձակ գողության, բացարձակ անտեսման։ Ի վերջո, ոտնահարվում են մեր շահերը։ 

– Բայց կարգախոսի մակարդակով միշտ հնչեցվում է՝ «Մենք ենք տերը մեր երկրի»։ 

– Կարգախոսից իրական կյանքի անցնելը երկար ճանապարհ է։ Կարգախոսներով հնարավոր չէ երկիր կառուցել։ Յուրաքանչյուր կարգախոս իմաստավորվում է, եթե արվում են որոշակի քայլեր։ Եթե երեխաներին դպրոցներում ոչ թե կտանեն բնության գիրկ խնջույքի, այլ կտանեն, որ նրանք ճանաչեն հայրենի բնությունը, պատմությունը, ոչ թե ծնողները կնստեն ծանր խմիչքներ կխմեն, անպայման խորոված-քյաբաբով, այլ թեթև սնունդով կգնան սեփական հայրենիքի պատմությունը սովորելու, ինչ-որ բան կփոխվի։ 

Սա է վերաբերմունքը հայրենիքի հանդեպ։ Հայրենիքը քեֆ անելու համար չի։ Ես չեմ ասում՝ քեֆ անել չի կարելի, լավ էլ կարելի է և՛ հյուրասիրել, և՛ ժամանակ անցկացնել, բայց քեֆը չի կարող դառնալ ազգային արժեք։ Սա է հարցը, թե ի՛նչն է մեզ համար ազգային արժեք։ 

Մենք հաճախակի խոսում ենք ազգային արժեքներից, ամբախ-զամբախ բաներ ենք վերագրում մեզ, մեր արժեքներին։ Ազգային արժեքը հայրենիք հանդեպ, բնության հանդեպ վերաբերմունքն է։ 21-րդ դարում ամեն ինչ շատ շաղկապված է, և երբ ինչ-որ տեղ երկրաշարժ կամ մեկ այլ բան է տեղի ունենում, մենք դա զգում ենք։ Մենք ո՞նց ենք կարողանում այս փոքր երկիրն այսպես դեպի կործանում տանել։ 

Ուրիշները մի փոքր հողամաս են ստանում անապատում, փորձում են այդ անապատն այգի դարձնել։ Մենք մեր այգին, մեր երկիրն անապատ ենք դարձնում։ Այս հոգեբանությունը պետք է փոխվի, իսկ դա կփոխվի միայն այն ժամանակ, երբ մի կողմից խստագույնս պատժվի, մյուս կողմից՝ մանուկ հասակից սերմանվի գաղափարը, որ սա մեր տունն է։ 

Ես չեմ խոսում այն մասին, որ կոնկրետ դասերի ժամանակ երեխաներին ասեն՝ մենք ենք տերը մեր երկրի, այլ կոնկրետ ծառատունկ, աղբի հավաքում կազմակերպելով, արշավների գնալով, սեփական հայրենիքը ճանաչելով կոնկրետ ցույց տալ, որ հայրենիքի հանդեպ սերը դա է։ Անպայման չէ, որ միայն քո հետևից մաքրես, կարող ես մաքրել նաև ուրիշի հետևից, եթե սա քո տունն ես համարում։ Երբ քո տնից հյուրերը գնում են, դու չես ասում՝ իրենք կեղտոտել են ամանները, մենք սրա հետ գործ չունենք։ 

Մենք համարում ենք, որ սա մեր տունն է, որ մեր տունը պետք է մաքրել։ Երկիր-տուն միասնությունն ամեն օր պետք է և՛ կոնկրետ գործերով ցուցադրվի, և՛ ապացուցվի։ Պետք է նաև ապացուցվի դրա կարևորությունը քեզ համար, որ սա ոչ թե քո ծանր պարտականությունն է, այլ դու սրանով մտածում ես քո մասին, որ դու առողջ մթնոլորտում ապրես, որ լավ ապրես, որ քո երեխաները, քո բարեկամները լավ ապրեն, որ չթունավորվեք, չհիվանդանաք, բանտ չնստեք, որը ևս կարևոր է։ 

Ես շատ ուրախ եմ, որ երբ բնությանը խնամքով վերաբերվելու լուսանկարները տեղադրեցի իմ էջում, 60 մարդ տարածել է։ Սա նշանակում է, որ մենք մենակ չենք, շատերին է այն մտահոգում։ 

Տեսեք՝ ինչ գեղեցիկ է, որ մարդը մտածում է ծառերի մասին։ Բնությունն արտակարգ գեղեցիկ է, բայց մենք ապականում ենք այն։ Միայն մեծ ճաշակի տեր մարդը, Արարիչը կարող է դա ստեղծել։ 

Ու այստեղ կարևոր չէ՝ մենք հավատացյալ ենք, թե ոչ։ Բոլոր դեպքերում բնությունը ստեղծված է արտակարգ գեղեցիկ և օգտակար։ Նա ոչ միայն օգուտ է տալիս մեզ, որովհետև մաքուր օդ է, գեղեցիկ է, այն նաև մեր աչքն է շոյում, որովհետև գեղեցիկ բան ենք տեսնում՝ մեր մեջ ակամայից լավ զգացմունքներ են առաջանում, տեսնում ենք այլանդակ բան՝ վատ զգացմունքներ են առաջանում։ 

Սրանք մեկը մյուսի հետ շաղկապված են, և մեր ներքին աշխարհը շատ է կապված մեր արտաքին տպավորություններից։

Մանե Հարությունյան

MediaLab.am