Հանրահայտ ջութակահար Արա Մալիկյանի երևանյան համերգների հասույթը կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելուն

 Հայաստանում առաջին անգամ ելույթ կունենա աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանը, որի համերգները տեղի կունենան հոկտեմբերի 13-14-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մալիկյանն իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին. «ԹԻ ԷՄ Պրոդակշն» ընկերությունը, որը նախաձեռնել է արտիստի մենահամերգները Երևանում, համերգների հասույթն ուղղելու է ի նպաստ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին:

Ara_by_Anton_Corbijn_3.jpg (2.85 MB)

Լիբանանահայ ծագումով իսպանացի ջութակահարի տաղանդը բացահայտվել է վաղ տարիքում՝ չնայած այն հանգամանքին, որ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում երկար ժամանակ նա ստիպված է եղել ապրել ու սովորել ռմբապաստարաններում։ Մալիկյանը մասնագիտական կրթություն է ստացել Հանովերի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում և Լոնդոնի Գիլդհոլի երաժշտության և դրամայի դպրոցում, ինչպես նաև դասեր առել աշխարհահռչակ ջութակահարներ, պրոֆեսորներ Ռուջերո Ռիչչիից, Իվրի Գիտլիսից, Հերման Կրեբբերսից։ 2000 թվականից երաժիշտը բնակություն է հաստատել Իսպանիայում:

Ara_by_Anton_Corbijn_5.jpg (3.12 MB)

Արա Մալիկյանի հարուստ նվագացանկն ընդգրկում է տարբեր դարաշրջանների կոմպոզիտորների բազմաժանր ստեղծագործություններ՝ Բարոկկոյից մինչև ժամանակակից երաժշտություն: Նրա երգացանկում առանձնահատուկ տեղ է գրավում հայ ժողովրդական և դասական երաժշտարվեստը։ Ուսումնասիրելով և սերտելով Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Եվրոպայի, Արգենտինայի և Իսպանիայի երաժշտական մշակույթը՝ ջութակահարը ստեղծել է իր ուրույն կատարողական ոճը։

Արա Մալիկյանը համերգներով հանդես է եկել 40-ից ավելի երկրներում՝ ԱՄՆ, Կանադա, Բրազիլիա, Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Ֆրանսիա, Նորվեգիա, Չեխիա, Չինաստան և այլն: Որպես մենակատար ելույթներ է ունեցել Տոկիոյի սիմֆոնիկ նվագախմբի, Մադրիդի սիմֆոնիկ նվագախմբի, Ցյուրիխի կամերային նվագախմբի, Լոնդոնի կամերային և այլ նվագախմբերի հետ: Ջութակահարը թողարկել է ավելի քան երկու տասնյակ ալբոմ, որոնց թվում են «15»-ը՝ նվիրված Իսպանիայում բնակություն հաստատելու 15-ամյակին, «Ջութակի անհավանական պատմությունը», «Royal Garage» և այլն:

Ara_by_Anton_Corbijn_2.jpg (3.28 MB)

Արա Մալիկյանը Երևան է ժամանելու իր աշխատանքային թիմի և երաժշտախմբի հետ: Նրանք են՝ դաշնակահար Իվան «Մելոն» Լյուիս, կոնտրաբասահար Իվան Ռուիս Մաչադո, թմբկահար Գեորվիս Պիկո Միլան, կիթառահար Դայան Աբադ:

Ara_by_Anton_Corbijn_1.jpg (3.36 MB)