ՀՀ ՆԳՆ նախարարը ծանոթացել է Փրկարար ծառայությանը տրամադրված ամենագնացների հնարավորություններին

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հոկտեմբերի 11-ին այցելել է Փրկարար ծառայություն։ Նախարարը Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ ծանոթացել է ծառայությանը տրամադրված ամենագնացների տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, 22 ամենագնացները ՆԳՆ փրկարար ծառայությանն են նվիրել ամերիկահայ բարերարներ Արսեն Ստեփանյանը, Արամ Կավուկջյանը, Տիգրան Բեդիրյանը, Տիգրան Գևորգյանը և Էդվին Եղնանյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։

Ըստ աղբյուրի՝ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին ու նվիրատուներին՝ վստահեցնելով, որ ծառայության ընթացքում տրանսպորտային միջոցները կօգնեն փրկարարներին՝ կյանքեր փրկելու իրենց առաքելությունն ավելի արդյունավետ իրականացնելու գործին։

Նշվում է, որ ծառայության ընթացքում ամենագնացների միջոցով հնարավոր կլինի զբոսաշրջային վայրերում, ինչպես նաև դժվարանցանելի տեղանքներում ցույց տալ առաջին օգնություն, տեղափոխել վնասվածքներ ստացած անձանց, իրականացնել հրդեհաշիջման, ձնամաքրման և որոնողափրկարարական այլ գործողություններ։