«Եթե ձևավորվի կազմակերպված հանրություն, սերժսարգսյաններն այլևս անելիք չեն ունենա Հայաստանում». Ստեփան Դանիելյան

«Եթե ձևավորվի կազմակերպված հանրություն, սերժսարգսյաններն այլևս անելիք չեն ունենա Հայաստանում». Ստեփան Դանիելյան
«Եթե ձևավորվի կազմակերպված հանրություն, սերժսարգսյաններն այլևս անելիք չեն ունենա Հայաստանում». Ստեփան Դանիելյան

Վերջին օրերին երկրում տեղի ունեցող իրադարձությունների եւ հնարավոր զարգացումների վերաբերյալ «Մեդիալաբը» զրուցել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ, վերլուծաբան Ստեփան Դանիելյանի հետ:

-Պարոն Դանեիլյանը, վերջին օրերին Հայաստանում ծավալվող իրադարձություններրի շուրջ ոգեւորություն շատ մեծ է, միջազգային հանրության ուշադրությունն էլ չի մարում: Արդյոք այս շարժումն ինչո՞վ է տարբերվում նախորդներից:

-Դեռ վաղ է գնահատականներ տալը: Նույնիսկ դեռ վաղ է այն շարժում անվանելը: Շարժում հասկացությունն ունի կոնկրետ բնութագրիչնեև և այն ոչ կուսակցական է լինում: Ոչ կուսակցական լինելը չի նշանակում ոչ քաղաքական լինել և դա չի նշանակում, որ կուսակցության անդամները չեն կարող դրան մասնակցել: Կուսակցության խնդիրը իշխանություն վերցնելն է: Շարժման խնդիրը համակարգային փոփոխություններ մտցնելն է, որը կարող է ունենալ խաղաղ կամ ուժային բնույթ: Խնդիրն ու նպատակները տարբեր են:

Իմ կարծիքով սա նախորդ` «Թռչկան», «Մաշտոցի պուրակ», «100 դրամ», «Դեմ եմ» քաղաքացիական շարժումների շարունակությունն է, որը կարող է քաղաքական շարժման վերածվել: Կարող է և չվերածվել: Այս շարժման հիմնական թշնամիները կուսակցություններն են, որոնք հայտնվել են լուսանցքում: Ինչո՞ւ: Որովհետև գործող խաղի պայմաններում նրանք չեն կարող գալ իշխանության, այսինքն կատարել իրերց կանոնադրական նպատակը, քանի որ ընտրություններ ըստ էության գոյություն չունեն, սակայն չեն ցանկանում կորցնել այն քիչը, որն իրենց տալիս է իշխող խմբավորումը:

-Դուք նշեցիք, որ այս շարժման հիմնական թշնամիները կուսակցություններն են, որոնք հայտնվել են լուսանցքում: Ըստ ձեզ, ի՞նչ վնաս կարող են հասցնել կուսակցությունները:

-Խնդիրն այն չէ, որ կուսակցություններն որպես այդպիսին վնասատու են: Ըստ սահմանադրության պետք է լինեն կուսակցություններ, որոնք ընտրությունների ժամանակ հասարակությանը զարգացման ճանապարհներ են առաջարկում և հաղթելու դեպքում ձևավորում են  կառավարություն: Կուսակցություններից բացի իշխանության ձևավորման այլ համակարգ այս պահին գոյություն չունի: Խնդիրն այն է, որ ընտրություններ չկան, սակայն կուսակցությունները շարունակում են մասնակցել այդ գործընթացին և ըստ էության պատասխանատվություն են վերցնում այս ամենի համար, ավելին` կոալիցիաներ են կազմում, հարաբերություններ են կառուցում անօրինական համակարգի հետ: Սա է խնդիրը: Այս իմաստով ստեղծված իրավիճակում կուսակցությունները պետք է դադարեցնեն իրենց այդ գործունեությունը և խնդիրը հստակ դնեն` ձևավորել նոր համակարգ: Դա չեն անում և այդ դեպքում իրենց կարող ենք անվանել գործող համակարգի սպասարկուներ և հավասարապես պատասխանատու են այս ամենի համար:

-Բոլորի համար էլ պարզ է, որ սա jոթ դրամի պայքար չէ, այլ իրավիճակի փոփոխության սկիզբ: Արդյոք  վտանգվա՞ծ է Սերժ Սարգսյանի աթոռը: Իշխանությունները մեծ հաշով մտահոգվելու տեղ ունե՞ն:

-Սերժ Սարգսյանի իշխանությունը կարող է վտանգված լինել այն ժամանակ, երբ ձևավորվի հանրություն, որը մշտական ճնշման միջոցով կկարողանա փոխել համակարգը: Դա ոչ միայն ուժային պայքար է, այլև ինտելեկտուալ պայքար է: Իմ տեսակետով, ամենամեծ ձեռքբերումը այն կլինի, որ ձևավորվի կազմակերպված հանրություն և այդ  հիմքի վրա նոր որակի կուսակցություններ: Այդ դեպքում, իմ կարծիքով սերժսարգսյաններն այլևս անելիք չեն ունենա Հայաստանում: Քաղաքական համակարգը պետք է մշտապես հանրային ճնշման տակ լինի: Դա ապագայում, իսկ այսօր այդ համակարգը պատերազմ է հայտարարել ժողովրդին:

-Արդյոք այն ինչ տեղի է ունենում վերջին օրերին Բաղրամյան պողոտայում կարո՞ղ է սկիզբ համարվել ձեր նշած հանրության ձեւավորման համար:

-Կարող է սկիզբ հանդիսանալ, կարող է հակառակը` մեծ հուսախաբություն լինել: Իմ կարծիքով, այս պահին հաղթանակ կլինի այն, որ ավելի շատ զանգվածներ ներգրավվեն շարժմանը: Խոսքը չի գնում միայն ցույցերի մասնակիցների մասին: Պետք է ձևավորվեն հանրային կառույցներ, որոշումների ընդունման մեխանիզմներ: Սրանք երկարատև գործընթացներ  են: Անգամ եթե ենթադրենք, որ վաղը Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս ու Հանրապետական կուսակցությունը լուծարվում է, մեկ է, դրանով խնդիրները չեն լուծվում: Կծնվեն նոր սերժսարգայաններ ու նոր հանրապետականներ: Խնդիրը ավելի խորքային է:

© Medialab.am