Հայաստանն իր հարևանների նկատմամբ տարածքային պահանջներ չունի և հավատարիմ է խաղաղության օրակարգին․ Հակոբ Արշակյան

ՀՀ Ազգային ժողովի  փոխնախագահ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովում։ «Արմենպրես»-ը ելույթը ներկայացնում է ամբողջությամբ․

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր անգոլացի գործընկերներին` վեհաժողովի հրաշալի կազմակերպման եւ բոլոր պատվիրակների հանդեպ ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար:

Կայուն զարգացման 16-րդ նպատակը նվիրված է խաղաղ ու ներառական հասարակությունների խթանմանը` բոլորի համար ապահովելով արդարության հասանելիություն, կառուցելով արդյունավետ, հաշվետու եւ ներառական ինստիտուտներ բոլոր մակարդակներում, սակայն աշխարհում շարունակվող եւ նոր կատաղի հակամարտությունները վտանգում են դեպի խաղաղություն տանող ճանապարհն ու 16-րդ նպատակին հասնելը: 2022 թվականին ականատես եղանք հակամարտությունների պատճառով քաղաքացիական անձանց մահվան դեպքերի ավելի քան 50 տոկոս աճի` առաջին անգամ Օրակարգ-2030-ի ընդունումից հետո:

Զինված բռնությունների եւ անապահովության բարձր մակարդակը կործանարար ազդեցություն ունի երկրի զարգացման վրա:

Հարգելի’ գործընկերներ,

Խոսելով խաղաղության եւ արդարության մասին` թույլ տվեք ներկայացնել Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:

Ցավոք, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը եւս մեկ լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ` խախտելով միջազգային իրավունքն ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը ստորագրել էր:

Այդ ռազմական հարձակումը ցույց տվեց, որ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումն ավարտին հասցնելն էր, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությանը նոր պատերազմի մեջ ներքաշելը: Ագրեսիայի հետեւանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին, այդ թվում` քաղաքացիական բնակչություն, կանայք եւ երեխաներ: Ավելի քան հարյուր հազար մարդ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվեց Հայաստան:

Ցավալի է, անչափ ցավալի, որ չնայած բազմաթիվ ահազանգերին, Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշումներին, Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի, առանձին երկրների բանաձեւերին, գործադիր մարմինների, միջազգային հանրության կոչերին, մենք բոլորս անկարող եղանք կանխելու Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումները:

Հարձակումը հաջորդեց ավելի քան ինն ամիս տեւած Լաչինի միջանցքի շրջափակմանը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին ու մնացած աշխարհին կապող միակ ճանապարհն էր: Շրջափակումն ազդում էր էլեկտրականության, գազի, սննդամթերքի ու դեղորայքի մատակարարումների, հրատապ բուժօգնության վրա: Արդարադատության միջազգային դատարանը երկու որոշում ընդունեց շրջափակումը վերացնելու եւ Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ, սակայն Ադրբեջանն այդ որոշումներն այդպես էլ չկատարեց: Սա էթնիկ զտումների նախերգանքն էր, որն իր նպատակին հասավ հաջորդած օրերին:

Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդն ամեն ինչ արեցին, որպեսզի ընդունեն ու կացարանով ապահովեն Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների զոհ դարձած ավելի քան 100.000 հայերին: Մենք կարողացանք նրանց ընդունել հայ ժողովրդի եւ ժողովրդավարության շնորհիվ:

Ժողովրդի, քանզի մարդիկ երբեմն չէին էլ սպասում, թե Կառավարությունն ինչ կանի: Նրանք իրենց բռնահանված հայրենակիցներին ապահովում էին անհրաժեշտ պարագաներով ու ժամանակավոր կացարանով: Ժողովրդավարությամբ, քանզի դրա եւ բաց տնտեսության ու չկոռումպացված կառավարության շնորհիվ մենք ունեցանք բավարար տնտեսական աճ` որպեսզի աջակցենք ԼՂ 100.000 բնակիչներին:

Մենք երախտապարտ ենք մեր միջազգային գործընկերներին, որոնք արդեն իսկ արել կամ շարունակում են հատկացումներ կատարել, որոնք նպատակ ունեն հաղթահարել ԼՂ հայերի բռնի տեղահանության պատճառով առաջացած մարդասիրական ճգնաժամը:

Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի մոտ 150 քառակուսի կմ տարածք դեռեւս շարունակում է գրավված մնալ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով:

Հայաստանն իր հարեւանների նկատմամբ տարածքային պահանջներ չունի, Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության օրակարգին: Հայաստանի դիրքորոշումը պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա հիմնված խաղաղ հարաբերությունների հաստատումն է:

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է մեկը մյուսի համար բացեն իրենց ճանապարհները, պետք է գործեն սահմանային եւ այլ համապատասխան վերահսկողական ծառայություններ, որոնք հիմնված կլինեն երկրների իրավազորության, ինքնիշխանության եւ օրենսդրության վրա: Դա պետք է արվի փոխադարձության եւ հավասարության սկզբունքների հիման վրա` արեւելքից արեւմուտք, Կասպից ծովից մինչեւ Միջերկրական ծով, հյուսիսից մինչեւ հարավ, Պարսից ծոցից մինչեւ Սեւ ծով: Այդ նախագիծը մենք կոչում ենք §Խաղաղության խաչմերուկ¦:

Հայաստանը պատրաստ է ապահովել բեռների, փոխադրամիջոցների, մարդկանց, խողովակաշարերի եւ հոսանքագծերի անվտանգությունն իր տարածքում, քանզի §Խաղաղության խաչմերուկը¦ ենթադրում է նաեւ խողովակաշարերի ու հոսանքագծերի անցում: Մենք միջազգային գործընկերներին կոչ ենք անում մասնակցել այս մեծամասշտաբ նախագծին:

Մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգն այլընտրանք չունի: Մենք հանձնառու ենք խաղաղության ուղուն` հասնելու համար կայուն եւ հարատեւ խաղաղության: Մենք հաստատակամ ենք մեր ընտրության հարցում եւ ակնկալում ենք միջազգային գործընկերների աջակցությունը» :