Վարդավառի միջոցառումը կազմակերպած ընկերություններից մեկը բացվել է տոնից 5 օր առաջ. Fip.am

Վարդավառի միջոցառումը կազմակերպած ընկերություններից մեկը բացվել է տոնից 5 օր առաջ. Fip.am
Վարդավառի միջոցառումը կազմակերպած ընկերություններից մեկը բացվել է տոնից 5 օր առաջ. Fip.am

ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախաձեռնությամբ այս տարի Վարդավառը նշվել էր Բաղրամյան փողոցում գորգերի լվացմամբ, դրանց ցուցադրությամբ և գորգագործության դասընթացով։ Այս միջոցառման համար Ազգային ժողովը հատկացրել էր մոտ 5 մլն դրամ։ 

Հայաստանյան լրատվամիջոցներից Tert.am-ը Ազգային ժողովից ստացել էր և հրապարակել տեղեկատվություն, թե ինչպես են ծախսվել պետական բյուջեից հատկացված գումարները։ Հայտնի էր դարձել, որ միջոցառումը կազմակերպվել է «Անի Ջուլհակյան» և «Սոլոյան Մերի» ԱՁ-ների կողմից։ ԱԺ-ի կողմից ներկայացվել էին նաև այն բոլոր ծախսերը, որոնք կատարվել էին միջոցառումն իրականացնելու համար։

Մի կողմ թողնելով կատարված ծախսերի նպատակահարմարությունը, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի ինքը կարող է որոշել, թե որքանով է այս ամենն օրինաչափ ու նպատակային եղել, անդրադառնանք վերոնշյալ միջոցառման կազմակերպիչներին։

«Անի Ջուլհակյան» ԱՁ-ն ստեղծվել է դեռևս 2016թ․ մայիսին։ Կազմակերպությունը, ըստ Պետեկամուտների պաշտոնական կայքի, զբաղվում է միջոցառումների կազմակերպմամբ։ ԱՁ-ն ստեղծվել է Անի Ջուլհակյանի կողմից, ով Ֆեյսբուքում վարում է նաև Zilina event lab անունով էջը։ Այստեղ կարող ենք գտնել ինչպես Վարդավառի, այնպես էլ հունիսի 1-ին ԱԺ բակում կազմակերպված երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառման վերաբերյալ լուսանկարներ, տարբեր գրառումներ։ 

Անի Ջուլհակյանը եղել է նաև 2015թ․ փետրվարին գրանցված «ԷՔՍԵԼՈՆ» ՍՊԸ-ի հիմնադիրը, որի գործունեությունն այս պահին ժամանակավորապես դադարեցված է։

Օնլայն հարթակներում վերջերս հաճախ էին լուրեր շրջանառվում, թե Անի Ջուլհակյանը միջոցառման նախաձեռնող, ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ընկերուհին է։

«Փաստերի ստուգման հարթակը» պարզաբանում խնդրեց ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանից, թե ինչ կապ կա վերջինիս և Անի Ջուլհակյանի միջև։ Ի պատասխան ստացանք պատգամավորի հերքումն իր և Անի Ջուլհակյանի ընկերական կապի մասին։ Պատգամավորը նշեց, որ վերջինիս ճանաչում է «բացառապես նախկինում կազմակերպված միջոցառումների (խմբ. հունիսի 1-ին ԱԺ բակում կազմակերպված միջոցառման մասին է խոսքը) շնորհիվ»։

Ինչ վերաբերում է միջոցառման կազմակերպմանը, ապա պատգամավորը նշեց, որ ինքը միայն մտահղացման հեղինակն է, իսկ միջոցառման կազմակերպիչների ընտրության հետ որևէ առնչություն չունի։ Նաև չհերքեց, որ իր ամուսինն է գործուն մասնակցությունունեցել «Անի Ջուլհակյան» ԱՁ-ին Վարդավառի միջոցառման կազմակերպումը վստահելու որոշման մեջ։ Ի դեպ, Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը՝ Դավիթ Կարապետյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականն է։

«Սոլոյան Մերի» ԱՁ-ն Վարդավառի միջոցառումը կազմակերպող մյուս կազմակերպությունն է։ Հիմնադիր Մերի Սոլոյանի ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունից կարելի է ենթադրել, որ միջոցառման DJ-ը հենց ինքն էր։

Պետեկամուտների պաշտոնական կայքում նշված չէ, թե ինչ գործունեությամբ է զբաղվում այս կազմակերպությունը, սակայն հետաքրքիրն այն է, որ այն ստեղծվել է այս տարվա հուլիսի 23-ին, այսինքն՝ Վարդավառի միջոցառումից ընդամենը 5 օր առաջ։

Որպեսզի հասկանալի դառնար, թե ինչպես է որոշվել պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառման կազմակերպումը վստահել մի կազմակերպության, որը դեռ գոյություն չուներ, «Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանի հետ։ Վերջինս հայտնեց, որ միջոցառման կազմակերպիչներին ընտրել է աշխատակազմը՝ հաշվի առնելով նախկինում արդյունավետ համագործակցության փորձը։ Ճշգրտող հարցին, թե ինչպե՞ս կարող էր ԱԺ աշխատակազմը համագործակցել դեռևս գոյություն չունեցող կազմակերպության հետ, տիկին Մինասյանը պատասխանեց․ «Չենք ստուգել 5 օր առաջ է բացվել, թե 10 օր առաջ, սակայն երկուսի հետ էլ աշխատանք տարվել է հուլիսի սկզբից, չեմ կարծում, որ բանակցություններ են տարվել գոյություն չունեցող կազմակերպության հետ։ Չեմ կարող ասել, թե երբ են բացվել, միայն գիտեմ, որ իրենք մեզ ուղարկել են պայմանագրեր, հաշիվներ, որոնք մենք տրամադրել ենք․․․»։

Այսպիսով՝ անհասկանալի է մնում, թե ինչպես է Ազգային ժողովի աշխատակազմը պետբյուջեից հատկացումների վերաբերյալ բանակցել մի կազմակերպության հետ, որն այդ պահին գոյություն չի ունեցել։

www.Fip.am