Պուտինը և Ռայիսին հագեցած բանակցություններ են վարել․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նրա պաշտոնակից Էբրահիմ Ռայիսին դեկտեմբերի 7-ին վարել են շատ հագեցած բանակցություններ։ Կողմերը քննարկել են պաղեստինաիսրայելական հակամարտությունը և բազմապլանային երկկողմ գործընկերության հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Շատ, շատ հագեցած բանակցություններ են տեղի ունեցել։ Հիմնական հարցերը շարադրված են եղել նախագահների հայտարարություններում, որոնք նախագահները հանդիպման սկզբում արել են նեղ ձևաչափով։ Դա, անշուշտ, մտքերի փոխանակում էր պաղեստինաիսրայելական հակամարտության վերաբերյալ, նաև երկկողմ հարաբերությունների, ամենից առաջ՝ շատ բազմակողմ գործընկերության երկկողմ հարաբերությունների», – Կրեմլի խոսնակի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նախագահների բանակցություններում անդրադարձ է կատարվել OPEC+-ի թեմային և համագործակցության այս ձևաչափի շրջանակներում ընդունվող որոշումներին։

«Այդ թեման հիշատակվել է շփումների ժամանակ: ՕՊԵԿ+–ի շրջանակներում փոխգործակցության և համագործակցության և ՕՊԵԿ+–ի շրջանակներում ընդունված որոշումների թեման  արծարծվել է, հիշատակվել Ռայիսիի հետ բանակցությունների ընթացքում», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը: