Փաշինյանը հանձնարարել է լրամշակումներ անել Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում շարունակվել են քննարկումները Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի մշակման վերաբերյալ, հայտնում են կառավարությունից։

Հաղորդագրությունում նշված է․

«Ներկայացվել են նախորդ քննարկման արդյունքում կատարված աշխատանքները, ռազմավարության նպատակներն ու դրանից բխող ծրագրերն ու միջոցառումները:

Հաջորդիվ՝ խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել նախագծի շուրջ, ներկայացրել իրենց դիտարկումները ռազմավարության նպատակների ու ակնկալվող միջոցառումների վերաբերյալ:

«Սա մեր հիմնարար ռազմավարությունն է, որովհետև ի վերջո մեր նպատակն այն է, որ մարդը՝ Հայաստանում ապրելով, հարմարավետ զգա: Ըստ էության, մեր բոլոր ռազմավարությունները, քաղաքականությունները մեծ հաշվով միտված են սրան»,- նշել է Կառավարության ղեկավարը և ընդգծել, որ ռազմավարությունները և ճանապարհային քարտեզներն ինտեգրելու և սինխրոնիզացնելու անհրաժեշտություն կա: Վարչապետը նաև ընդգծել է ռազմավարությունների շարունակական վերանայման անհրաժեշտությունը, որը կնպաստի դրանց լիարժեք իրագործմանն ու արդյունավետության բարձրացմանը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է, հիմք ընդունելով հնչած դիտարկումները և ռազմավարության նախագծի շուրջ շահագրգիռ կողմերի քննարկումները, նախագծում իրականացնել համապատասխան լրամշակումներ»: