Արիության մեդալ է շնորհվել սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանին

Դեկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հյուրընկալել է 2023 թվականի սեպտեմբերի 1-ին Սոթքի ուղղությամբ ծանր վիրավորում ստացած զինվոր Նարեկ Պողոսյանին։

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել է այս պահին «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում ինտենսիվ բուժում ստացող Նարեկի առողջական վիճակով և բուժման ընթացքով, մաղթել շուտափույթ ապաքինում։

Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել նրա արարքը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում և հանձնել պետական պարգևը՝ Արիության մեդալը։

Նարեկն այն երիտասարդն է, որի անունը սեպտեմբերի 1-ին Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների ցուցակում էր հայտնվել։ Նա ուներ ծանր հրազենային վիրավորում, գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, սակայն բժիշկներին հաջողվել էր ռեանիմացիոն-ինտենսիվ միջոցառումների արդյունքում զինծառայողի սրտի զարկը վերականգնել:

Հրաշքով փրկված զինծառայողն այժմ բուժում է ստանում «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում։