«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը
– Տիկի՛ն Վարդանյան, Երևանի ավագանին չընդունեց ձեր խմբակցության ներկայացրած նախագիծը՝ մայրաքաղաքի հանրային տրանսպորտով մեկ ուղևորության սակագինը 100 դրամ սահմանելու մասին։ Սպասելի՞ էր այս որոշումը, և ինչո՞ւ քաղաքային իշխանությունը չանսաց ձեր կազմակերպած ստորագրահավաքին մասնակցած 75.463 մարդու ձայնին:
– Ենթադրում եմ, որ ընդդիմությունն էր բերել նախագիծը, դրա համար էլ իրենք նման որոշում կայացրին, բայց եթե ավելի խոր մտածեին ու հասկանային, որ սա բնակչության համար շատ կարևոր խնդիր է, որովհետև տրանսպորտի հարցը շատ բարձր սոցիալական նշանակություն ունեցող խնդիր է, ու նաև տեսանք, թե հավաքագրման տոկոսը որքանով է իջել, ու իրականում քաղաքային բյուջեին այս սխալ, չմշակված ռեֆորմի հետևանքով ինչ մեծ վնաս է հասցվում: Մենք առաջարկում էինք որոշակի ժամանակի համար թողնել 100 դրամը, մինչև այս ռեֆորմն ամբողջական կմարսվի բնակչության կողմից, մարդիկ կհասկանան, կհարմարվեն այդ փաթեթների գաղափարին, ու նաև փոփոխություններ կլինեին:
Արդեն երեկ նիստի ժամանակ ընդունվեցին ժամկետներով պայմանավորված փոփոխությունների փաթեթները, մարդիկ կհասկանան, թե որքանով է իրենց հարմար, կընտրեն իրենց ամենահարմար փաթեթը, ու այդ ընթացքում, առանց այս բողոքի ալիքի, մարդիկ կհասկանային, թե որն է իրենց համար ձեռնտու:
Մենք նաև ասում էինք, որ իրենք միաժամանակ անում են և՛ գնի փոփոխություն՝ 50 տոկոսով բարձրացնում են ուղեվարձը, և՛ քաղաքականության փոփոխություն տրանսպորտի մեջ: Վերցնում են նոր համակարգի համար հաշվարկված՝ այդ ճանապարհներով պայմանավորված մոդելը, սրա վրա կիրառում այսօրվա իրականը, այսինքն՝ անհետևողականություն ցուցաբերելով՝ ինչ-որ բաներ են անում, ու հենց դրանով է պայմանավորված, որ այս որոշումներն անընդհատ փոխվում են, այսինքն՝ իրենք աշխատում են փորձերի ու սխալների միջոցով:
Ռիսկերի սկզբնական գնահատում, դրանք նվազեցնելուն միտված աշխատանքներ չկան, իրենք դա անում են արդեն ռեակտիվ գործընթացում, երբ դա իրականանում է, ու թիրախավորում են և՛ իրենց, և՛ բնակչության առողջությանն են վնասում, մարդիկ ֆինանսական կորուստներ են ունենում, որովհետև «Թել Սելի» հետ կապված բազմաթիվ բողոքներ կան:
Մարդիկ նաև ժամանակի կորուստ են ունենում տրանսպորտի հետ կապված, վարորդների թիվը բավարար չէ, բացի այդ՝ ունենք նաև տրանսպորտի տեսակների միջև փոփոխության խնդիր: Մարդիկ, որոնք մինչ օրս տրոլեյբուս էին նստում, քանի որ ավելի էժան էր, հիմա որ գնային քաղաքականությունը փոխել են, տեղափոխվել են դեպի ավտոբուս: Երեկ լսեցինք, որ մետրոյում հավաքագրումն է իջել, այսինքն՝ մետրոյի մարդիկ էլ են սկսել վերգետնյա տրանսպորտից օգտվել:
Այսինքն՝ հիմա լինելու է նաև ընտրություն հոսքերի միջև, ու ավտոբուսը, որն արդեն ծանրաբեռնված էր, ավելի է ծանրաբեռնվելու: Քանի որ մենք չունենք տրանսպորտային համակարգի պրոֆեսիոնալ մասնագետ, այս փորձերի ու սխալների մեթոդով, այս տասնյակ խնդիրներով առաջին հերթին վնասում ենք մեր բնակչության առողջությանը, իսկ մենք պետք է անենք ուղիղ հակառակը:
– Սակագնի թանկացման դեմ ուղղված ակցիայի ընթացքն ինչպե՞ս եք գնահատում: Հետագայում շարունակվելո՞ւ է, ու արդյոք իր նպատակին հասնելու շանսեր կա՞ն, եթե հաշվի առնենք քաղաքապետի հայտարարությունը, որ 100 դրամի վերադարձ չի լինի:
– Ալիքը չի իջնելու, հենց սրանով էլ պայմանավորված, որ քաղաքապետարանը հավելյալ ռեսուրսներ է հանել, ինչի հետևանքով նաև ընդհարումների ականատես ենք լինում, ու այդ ընդհարումները խոսում են այն մասին, որ քաղաքային իշխանության ու քաղաքացու միջև ջրբաժանն ավելի է խորանալու, մինչդեռ քաղաքային իշխանությունը պետք է ուղիղ հակառակը աներ:
Մինչ այս «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից ունեին մարդիկ, որ պետք է սպասարկեին, հետո պարզվեց, որ 850 ավտոբուսի համար ընդամենը 8 աշխատող ունեն, ինչը բավարար չէ: Բավարար չեն նաև այս մարդիկ, որոնք պետք է վերահսկեն՝ պարզ չէ, թե ինչ իրավական ակտերով են այս գործողություններն անում, տուգանել առհասարակ չեն կարող:
Բոյկոտն իհարկե հաջողված է, որովհետև թվային տվյալներից լավ ոչ մեկը դրա մասին չի խոսում, ու երեկ մենք զեկույցը լսեցինք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությունը, պարզ երևում է, որ մարդիկ բողոքում են, մարդիկ դժգոհ են:
Ուրիշ խնդիրներ էլ կան, որոնց մասին ահազանգում են, օրինակ՝ բազմազավակ ծնողներն ունեն զեղչ, բայց երեխաները չունեն, ստացվում է, որ երեխաների համար ծնողներն ավելի շատ են վճարում, քան այն զեղչն է, որ տրամադրվում է: Մենք նաև պետք է հաշվի առենք, որ զեղչն արդեն բարձրացված արժեքի վրա է, ու անհասկանալի է, թե ինչ է շահում քաղաքացին: Կարծում եմ, որ այս գործողությունները շարունակվելու են:
– Ստացվում է, որ քաղաքապետարանի առաջարկած արտոնությունները մանիպուլյատի՞վ են, տիկի՛ն Վարդանյան:
– Միայն այն խմբերի համար են իրական, որոնք անվճար են երթևեկում, օրինակ՝ ուսանողները բողոքում են, որ այն փոքրիկ զեղչը, որ արվում է իրենց համար, հարցի լուծում չէ, որովհետև ստանում են ընդամենը 5000 դրամ կրթաթոշակ, գոնե այնքան ստանային, որ իրենց տրանսպորտի հարցը լուծեին: Ուսանողները ևս բոյկոտողների խմբում են:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















