Էջմիածինցի կնոջ ազգականը հաղորդում է ներկայացրել դատախազություն. Azatutyun.am

Նոր կորոնավիրուսով վարակված էջմիածինցի հայտնի կնոջ ազգականը դատախազություն հաղորդում է ներկայացրել անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններն ապօրինի ձեռք բերելու, առանց իր համաձայնության լրատվամիջոցներում, սոցցանցերում հրապարակելու, վիրավորելու, վարակված հիվանդների ցուցակը և լուսանկարները տարածելու համար։ Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը:

Երբ հայտնի դարձավ, որ Իտալիայից ժամանած կինը մասնակցել է նշանադրության արարողության, համացանցում սկսեցին մասսայաբար վիրավորել և ծաղրել նրան, սոցցանցերում անգամ հայտնվեց նրա լուսանկարը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կոչ արեց դադարեցնել կնոջ ուղղված վիրավորանքները և նրա արժանապատվություն նսեմացնող քննարկումները:

Կնոջ շահերի ներկայացնող փաստաբան Գոհար Հովհաննիսյանի փոխանցմամբ, էջմիածինցի կնոջ զարմիկը հաղորդումը ներկայացրել է արտերկրից, քանի որ իր մորաքրոջ դստեր նկատմամբ ապօրինի գործողություններ են կատարվել:

Փաստաբանը վստահություն հայտնեց, որ դատախազությունն ու ոստիկանությունը անաչառ կգտնվեն, հանցագործները կպատժվեն:

Հովհաննիսյանի խոսքով, կորոնավիրուսով վարակված կնոջ լուսանկարը հրապարակվել է ինչպես իրական, այնպես էլ կեղծ էջերում. – «Սա մարդու հոգեկան վիճակի վրա էլ է ազդում: Պատկերացնո՞ւմ եք, մարդը հիվանդացել է, ու նրա մասին ինչ արտահայտություններ են անում, անձնական տվյալներ են հրապարակում»:

Մանրամասները՝ այստեղ