Սերգեյ Սմբատյանը 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել. Factor

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը 100 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել. նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը փոփոխվել է։

Այս մասին FactorTV-ի հետ զրույցում տեղեկացրեց Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը։ Դեռ երեկ սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջում տարածվել էր, որ սեպտեմբերի 14-ին կմեկնարկի նոր համերգաշրջանը՝ Սերգեյ Սմբատյանի դիրիժորությամբ։

FactorTV-ն երեկվանից փորձում էր ճշտել, թե ինչպես է ստացվել, որ տնային կալանքի տակ գտնվող Սմբատյանը մասնակցում է համերգաշրջանի բացմանը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից մանրամասներ չհայտնեցին, միայն հաստատեցին Սմբատյանի մասնակցությունը միջոցառմանը։ Հարցին՝ այս օրերին նա մասնակցո՞ւմ է փորձերին, մամուլի քարտուղար Լիլիթ Գրիգորյանը չպատասխանեց։

Գլխավոր դատախազությունը ևս չէր մեկնաբանում Սմբատյանի մասնակցությունը, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ գլխավոր դիրիժորի խափանման միջոցը փոփոխվել է դեռ սեպտեմբերի 8-ին, ինչն էլ թույլ է տվել նրան ներգրավել համերգաշրջանի փորձերին։