Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը

Հունվարի 6-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը:

Այսօր՝ ժամը 11:00-ին, կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Սուրբ պատարագ: Ավարտին կկատարվի Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը):  

Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը:

Հիսուսի ծնունդն այսպես է եղել. Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում մարդահամար է անցկացվում: Յուրաքանչյուր ոք գնում է իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփն էլ Սուրբ Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ է գալիս:

Երբ Սուրբ կույսի հղության օրերը լրանում են, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չի գտնվում, նրանք ստիպված մի քարայրի մեջ են տեղավորվում, ուր ծնվում է Հիսուսը:

Աստծո որդին ծնվում է մի անփառունակ քարայրում` աղքատության մեջ, ինչը մեր հոգիների ճշմարիտ խորհրդանշանն է:

Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, որոնց հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի Սուրբ Ծննդյան մասին՝ երգելով. «Փառք Աստծուն՝ բարձունքներում և երկրի վրա խաղաղություն և հաճություն՝ մարդկանց մեջ»: (Ղուկ. 2:14): Այնուհետև արևելքից եկան մոգեր, ում մի աստղ էր առաջնորդել, և երկրպագեցին Մանուկին, ընծաներ մատուցեցին ու գնացին իրենց երկրները»: