ՀՀ դատախազությունը շուտ պետք է Ալիևի դեմ քրեական գործեր հարուցեր, բայց ինչ-որ վախեցած վիճակ է. Տարոն Սիմոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավաբանական գիտությունների թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը

Պարո՛ն Սիմոնյան, ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ Բաքուն հետախուզում է հայտարարել: Նրանք մեղադրվում են ԼՂ-ում 1988 թ. փետրվարից «ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև ազգային թշնամանք, ատելություն հրահրելու նպատակով հայազգի աշխատավորների հավաքներ կազմակերպելու, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» հռչակման, իշխանությունը Ժողովրդական պատգամավորների շրջանային խորհրդին և գործկոմին փոխանցելու մեջ»։ Մինչ այս, Բաքուն նաև հետախուզում էր հայտարարել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ: Նման պրակտիկա կա՞, ի՞նչ է այն իրենից ենթադրում:

– Այսպիսի գործեր եղել են միջազգային հարաբերություններում. աֆրիկյան երկրների ղեկավարների ու արտգործնախարարների հետ կապված քրեական գործերը և այլն, բայց երբ նրանք ի պաշտոնե նախագահ էին կամ արտգործնախարար, նրանք օգտվում էին անձեռնմխելիությունից, բայց Արցախի պարագայում, Ադրբեջանի համար Արցախը պետություն չէ, այլ պետություններ ևս չեն ճանաչել Արցախը՝ որպես առանձին պետական կազմավորում, հետևաբար, ինչ-որ հանրապետություն, եթե ցանկանա օգնել Ադրբեջանին այս հարցում, շատ հավանական է, որ քաղաքական կամ այլ դրդապատճառներով օգնություն տրամադրեն, եթե Արայիկ Հարությունյանը գնա ինչ-որ երկիր, այնտեղ նրան ձերբակալեն:

Այսինքն՝ տեսականորեն նման բան հնարավոր է, բայց մենք պետք է դրանից ոչ թե վախենանք ու ոչինչ չանենք, այլ պետք է մեր շահերի պաշտպանության համար ինքներս քրեական գործեր հարուցեինք ու հետախուզում հայտարարեինք ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլ նաև պաշտպանության նախարարի ու ռազմաքաղաքական մյուս պաշտոնյաների նկատմամբ՝ պատերազմական հանցագործություններ կատարելու համար, բայց մերոնք կարծես թե վախեցած են, ոչինչ չեն անում:

Իսկ ՀՀ նախկին նախագահների պարագայում այդ անձեռնմխելիությունը գործո՞ւմ է, թե՞ ոչ:

– Տեսական որոշակի դեպքերում կարող է գործել, որոշակի դեպքերում՝ ոչ, կախված նրանից, թե իրենց պաշտոնական լիազորությունների շրջանակներում է, թե չէ, այսինքն՝ այստեղ հարցերի մի փունջ կա, որոնցից էլ կախված է այդ հարցի պատասխանը, միանշանակ ասել հնարավոր չէ:

Պարո՛ն Սիմոնյան, իսկ ադրբեջանական մեղադրանքը որքանո՞վ է լուրջ:

– Դա կանխատեսելի էր, որովհետև իրենք անընդհատ դրա մասին էին խոսում: Իրենք անընդհատ ցույց են տալիս, որ Արցախի ինքնորոշման իրավունքը որևէ կապ չունի միջազգային իրավունքի հետ, այլ կապ ունի բացառապես մի խումբ անձանց մասնավոր վարքագծի հետ: Այս տրամաբանությունը շարունակելու համար էլ այդ քաղաքականությունն են որդեգրել:

Իսկ Հայաստանի Հանրապետության դատախազությունը ի պատասխան այս քայլին ի՞նչ պետք է աներ:

– Ընդհանրապես, մեր դատախազությունը շուտ պետք է քրեական գործեր հարուցեր, ես գիտեմ, որ որոշակի գործեր կան Քննչական կոմիտեում, բայց դրանք կասեցված վիճակում են: Կասկածյալներ, մեղադրյալներ ներգրավված չեն, այսինքն՝ ինչ-որ վախեցած վիճակ է, որը էլի երևի բանակցային գործընթացով է պայմանավորված, որն անթույլատրելի է:

Մենք չենք կարող մեր ազգային շահերից հետ կանգնել՝ ինչ-որ անորոշ բանակցային գործընթացով պայմանավորված: Քսան քանի տարի էր՝ բանակցային գործընթացի պատճառով մեր շահերն առաջ չէինք տանում, արդյունքը տեսանք՝ ինչ եղավ 2020 թվականին:

Այսինքն՝ ՀՀ դատախազությունը պետք է քրեական գո՞րծ հարուցի ու հետախուզո՞ւմ հայտարարի:

– Ընդհանրապես, սեպտեմբերի 27-ի օրը պետք է քրեական գործ հարուցվեր Իլհամ Ալիևի ու ռազմաքաղաքական մյուս ղեկավարների նկատմամբ:

Այդ քրեական գործի շրջանակներում հետախուզում պետք է հայտարարվեր՝ ագրեսիա հանցագործության համար, դրան հետևող պատերազմական այլ հանցագործությունների համար նաև, այդ թվում՝ քիմիական զենքի կիրառման, ռազմագերիների հետ վարվելակերպի կանոնների խախտման, մարդկության դեմ հանցագործությունների, երբ հայի վիզ էին կտրում, քաղաքացիական բնակչության էին սպանում ու դա տեսանկարահանում ու ցուցադրում էին, այսինքն՝ այնքան վախ չունեին միջազգային իրավունքից, որ իրենց հանցագործությունները տեսանկարահանում ու ցուցադրում էին, իսկ մենք դրան համարժեք պատասխան չենք տվել մինչ օրս:

Պարո՛ն Սիմոնյան, փաստացի չի՞ բացառվում, որ ՀՀ նախկին նախագահները կամ Արցախի Հանրապետության նախագահը, երբ լքեն երկրի սահմանները, հնարավոր է ձերբակալվեն որևէ երկրում:

– Տեսականորեն ոչինչ չի բացառվում, պարզապես այլ երկրները հասկանում են, որ սա քաղաքական գործընթաց է ու, բնականաբար, այդ ռիսկի տակ չեն մտնի, բայց ես չեմ կարող բացառել, որ ինչ-որ մի երկիր այս կամ այն նպատակով կարող է գնալ այդ քայլին, այսինքն՝ այդ վտանգը միշտ առկախված կա:

Իսկ այդ պարագայում, եթե ձերբակալվեն այս անձինք, ո՞ր երկրի բանտում են հայտնվելու:

– Եթե տեսականորեն այդպիսի պետություն լինի, որը կհամաձայնի օգնել Ադրբեջանին, այդ պետության ու Ադրբեջանի Քրեական օրենսգրքերի հարաբերակցության ու այդ պետությունների միջև իրավական համագործակցության հարց է, որովհետև նրբություններ կան, բայց, կարծում եմ, պետք չէ այսքան հեռուն գնալ, որովհետև պետք է որ այդպիսի բան չլինի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am