Մոսկվան և Բաքուն համագործակցության «ճանապարհային քարտեզ» են ստորագրել. «Ազատություն»

Ադրբեջանն ու Ռուսաստանն այսօր Բաքվում 2024-2026 թվականների երկկողմ համագործակցության «ճանապարհային քարտեզ» են ստորագրել։ Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել փոխվարչապետեր Շահին Մուստաֆաևն ու Ալեքսեյ Օվերչուկը։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Փաստաթուղթը առևտրատնտեսական, ներդրումային, տրանսպորտային, արդյունաբերական, գյուղատնտեսական, մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված կոնկրետ քայլեր է նախատեսում», – նշված է հաղորդագրության մեջ։

Կողմերը նաև ընդգծել են, որ 2017 թվականից՝ նախորդ նմանատիպ փաստաթղթի ստորագրումից ի վեր երկկողմ ապրանքաշրջանառությունը Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կրկնապատկվել է՝ 2023-ին հասնելով 4․3 միլիարդ ամերիկյան դոլարի։