Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը 2023-ին աճել է 1 միավորով

Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից
այսօր հրապարակված 2023 թվականի Կոռուպցիայի ընկալման
համաթիվը (ԿԸՀ) ցույց է տալիս, որ պետությունների մեծ մասը քիչ
կամ ոչ մի առաջընթաց չի գրանցել հանրային ոլորտում կոռուպցիայի
դեմ պայքարում:

ԿԸՀ արժեքի համաշխարհային միջինը
տասներկուերորդ տարին անընդմեջ մնում է անփոփոխ՝ 43։
Պետությունների ավելի քան երկու երրորդի ԿԸՀ համաթվի արժեքները
50-ից ցածր են, ինչը վկայում է կոռուպցիոն լուրջ խնդիրների
առկայության մասին:
Համաձայն Օրենքի գերակայության համաթվի՝ աշխարհում
արդարադատության համակարգերի արդյունավետությունն անկում է
ապրում։

Այս համաթվով ամենացածր միավորներ ունեցող երկրները
նմանապես ԿԸՀ շատ ցածր միավորներ ունեն՝ ընդգծելով հստակ
կապը արդարադատության հասանելիության եւ կոռուպցիայի միջեւ:
Ե՛վ ավտորիտար վարչակարգերը, եւ՛ ժողովրդավար առաջնորդները՝
խաթարելով արդարադատությունը, նպաստում են կոռուպցիայի
անպատժելիության աճին եւ, որոշ դեպքերում, նույնիսկ խրախուսում
են այն՝ օրինախախտների համար վերացնելով հետեւանքները: Նրանց
գործողությունների ազդեցությունն ակնհայտ է բոլոր երկրներում՝
Վենեսուելայից (ԿԸՀ 13 միավոր) մինչեւ Տաջիկստան (ԿԸՀ 20 միավոր):
Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության նախագահ
Ֆրանսուա Վալերիանը նշում է.


«Կոռուպցիան կշարունակի ծաղկել այնքան ժամանակ, քանի դեռ
արդարադատության համակարգերը չեն կարողանում պատժել
ապօրինությունը եւ վերահսկել կառավարություններին: Երբ
արդարադատությունը գնվում է կամ նրա նկատմամբ քաղաքական
միջամտություն է տեղի ունենում, տուժողը ժողովուրդն է լինում։
Առաջնորդները պետք է իրենց ուժերը լիովին ներդնեն՝
երաշխավորելու համար այն ինստիտուտների անկախությունը, որոնք
պահպանում են օրենքը եւ պայքարում կոռուպցիայի դեմ: Ժամանակն է
վերջ տալ կոռուպցիայի անպատժելիությանը»։


Կոռուպցիայի իրավիճակն աշխարհում


ԿԸՀ-ն դասակարգում է 180 երկիր եւ տարածքներ՝ ըստ հանրային
ոլորտում կոռուպցիայի ընկալման մակարդակի՝ 0-ից
(բացարձակապես կոռումպացված) մինչեւ 100 (բացարձակապես
մաքուր) սանդղակով:


 Դանիան (ԿԸՀ 90 միավոր) վեցերորդ տարին անընդմեջ գլխավորում
է համաթվի դասակարգման աղյուսակը, որին հաջորդում են
Ֆինլանդիան եւ Նոր Զելանդիան՝ համապատասխանաբար 87 եւ 85
միավորներով: Արդարադատության լավ գործող համակարգերի
շնորհիվ այս երկրները նաեւ Օրենքի գերակայության համաթվով
առաջատարների թվում են:


 Սոմալին (11 միավոր), Վենեսուելան (13 միավոր), Սիրիան (13
միավոր), Հարավային Սուդանը ( 13 միավոր) եւ Եմենը (16 միավոր)
զբաղեցնում են համաթվի դասակարգման աղյուսակի վերջին
տեղերը: Այս բոլոր երկրները տուժում են ձգձգվող ճգնաժամերից,
հիմնականում զինված հակամարտություններից:


 23 պետություն, որոնց թվում՝ որոշ բարձր ԿԸՀ արժեք ունեցող
ժողովրդավարություններ, ինչպիսիք են Իսլանդիան (ԿԸՀ 72
միավոր), Նիդեռլանդները (79 միավոր), Շվեդիան (82 միավոր) եւ
Միացյալ Թագավորությունը (71 միավոր), ինչպես նաեւ որոշ
ավտորիտար պետություններ, ինչպիսիք են Իրանը (24 միավոր),
Ռուսաստանը (26 միավոր), Տաջիկստանը (20 միավոր) եւ
Վենեսուելան (13 միավոր), այս տարի գրանցել են իրենց ԿԸՀ
պատմական նվազագույն արժեքը:


 2018 թվականից ի վեր 12 պետությունների ԿԸՀ արժեքները
զգալիորեն նվազել են: Ցանկում ներառված են ինչպես ցածր եւ
միջին եկամուտ ունեցող երկրներ, ինչպիսիք են Սալվադորը
(31միավոր), Հոնդուրասը ( 23 միավոր), Լիբերիան (25 միավոր),
Մյանման ( 20 միավոր), Նիկարագուան ( 17 միավոր), Շրի Լանկան (
34 միավոր) եւ Վենեսուելան (13 միավոր), այնպես եւ միջին եւ բարձր
եկամուտ ունեցող երկրներ, ինչպիսիք են Արգենտինան (37
միավոր), Ավստրիան (71 միավոր), Լեհաստանը (54 միավոր),
Թուրքիան (34 միավոր) եւ Միացյալ Թագավորությունը ( 71
միավոր):


 Միեւնույն ժամանակ, ութ երկրներ բարելավել են իրենց ԿԸՀ
արժեքը։ Այդ երկրներն են՝ Իռլանդիան (77 միավոր), Հարավային
Կորեան ( 63 միավոր), Հայաստանը ( 47 միավոր), Վիետնամը ( 42
միավոր), Մալդիվները ( 40 միավոր), Մոլդովան ( 39 միավոր),
Անգոլան ( 33 միավոր) եւ Ուզբեկստանը ( 31 միավոր):
Յուրաքանչյուր պետության ԿԸՀ անհատական միավորի եւ ժամանակի
ընթացքում դրանց փոփոխությունների, ինչպես նաեւ յուրաքանչյուր
տարածաշրջանի վերլուծության վերաբերյալ տեղեկատվության
համար տե՛ս ԿԸՀ 2023 էջի հղումը։


Կոռուպցիան եւ անարդարությունը
Անկախ, թափանցիկ եւ պատշաճ ծավալի միջոցների տիրապետող
դատական մարմինները եւ իրավապահ կառույցներն առանցքային
նշանակություն ունեն կոռուպցիան զսպելու գործում: Իր հերթին,
արդարադատության համակարգերի վրա քաղաքական իշխանության
չարաշահման, կաշառակերության եւ կոռուպցիայի այլ ձեւերի
ազդեցության կանխումը, էական նշանակություն ունի նրանց
արդյունավետությունն ապահովելու համար:


 Ռուսաստանի պատերազմն ընդդեմ Ուկրաինայի (36 միավոր)
հսկայական մարտահրավերներ դարձան վերջինիս
կառավարման եւ ենթակառուցվածքների համար՝ մեծացնելով
կոռուպցիոն ռիսկերը: Այնուամենայնիվ, Ուկրաինան
շարունակեց իր ԿԸՀ 11 տարվա աճը՝ կենտրոնանալով
արդարադատության համակարգի բարեփոխումների վրա,
ներառյալ՝ դատական ինքնակառավարման մարմինների
վերակառուցումը, դատական անկախության մակարդակի
բարձրացումը եւ հակակոռուպցիոն դատախազության
կարողությունների հզորացումը: Չնայած այս
բարեփոխումներին, իշխանության բարձր մակարդակներում
կոռուպցիոն դեպքերի զգալի թվի առկայությունը շարունակում է
մնալ մտահոգիչ:


 Գվատեմալայի (33 միավոր) ԿԸՀ անկումն իրար հաջորդող երեք
կառավարությունների՝ կոռուպցիոն գործարքների մեջ նրանց
ներգրավվածության արդյունքն է։ Դատախազությունը եւ
դատական համակարգը օգտագործվել են իրենց կոռուպցիոն
գործունեության համար վերնախավերին անպատժելի թողնելու
եւ թիրախավորելու նրանց, ովքեր իրենց ձայնն են բարձրացնում
կոռուպցիայի դեմ: Արդյունքում պետությունը մնաց առանց
կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ
կարողությունների:


 Աֆրիկայում արդարադատության համակարգերում
կոռուպցիայի եւ հարակից խնդիրների դեպքերը բազմաթիվ են՝
ընդգրկելով այնպիսի երկրների արդարադատության
համակարգերում կաշառակերության, շորթման եւ քաղաքական
միջամտության մասին զեկույցներ, ինչպիսին է, օրինակ,
Նիգերիան (25 միավոր): Բուրունդիում (20 միավոր) եղել են
դատավորների բանտարկության, իսկ Կոնգոյի Դեմոկրատական
Հանրապետությունում ( 22 միավոր)՝ դատարաններ բերված
գործերի արդյունավետ քննության բացակայության դեպքեր։
Թրանսփարենսի Ինթերնեշնլը կոչ է անում կառավարություններին
արդարադատության համակարգերի համար ապահովել
անկախություն, ռեսուրսներ եւ թափանցիկություն, որոնք անհրաժեշտ
են բոլոր կոռուպցիոն հանցագործությունների համար արդյունավետ
պատիժ նշանակելու եւ իշխանության նկատմամբ վերահսկողություն եւ
հակակշիռներ ապահովելու համար: Անհրաժեշտության դեպքում
պետք է նաեւ ներդրվեն ավելի լավ ընթացակարգեր եւ օրենքներ, որոնք
կօգնեն արդարադատության հաստատություններին պաշտպանվել
կոռուպցիոն գործողություններից եւ թիրախավորել դրանք։
Թրանսփարենսի Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Դանիել Էրիքսոնը
նշում է.
«Կոռուպցիան էլ ավելի է խորացնում սոցիալական անարդարությունը
եւ անհամաչափորեն ավելի վատ է ազդում ամենախոցելի խավերի
վրա։ Շատ երկրներում կոռուպցիայի զոհերի համար արդարությանը
հասնելու խոչընդոտները պահպանվում են: Ժամանակն է կոտրել
պատնեշները եւ ապահովել, որ մարդիկ կարողանան արդյունավետ
կերպով օգտվել արդարադատությունից: Յուրաքանչյուր ոք արժանի է
արդար եւ ներառական իրավական համակարգերի, որտեղ զոհերի
ձայնը լսելի է յուրաքանչյուր փուլում։ Ցանկացած այլ բան վիրավորանք
է արդարադատության նկատմամբ»:


Կոռուպցիայի ընկալման համաթվի մասին
Սկսած 1995թ. իր առաջին հրապարակումից Կոռուպցիայի ընկալման
համաթիվը, դարձավ հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ
համաշխարհային առաջատար ցուցիչը: 2023 թվականի համաթիվը
գնահատել է աշխարհի 180 երկրները եւ տարածքները՝ ելնելով
հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալումից եւ օգտագործելով
տվյալներ 13 արտաքին աղբյուրներից, որոնց թվում Համաշխարհային
Բանկը, Համաշխարհային տնտեսական ֆորումը, ռիսկեր գնահատող
եւ խորհրդատվական մասնավոր ընկերությունները, հետազոտական
կենտրոնները եւ այլն։ Գնահատականներն արտացոլում են
փորձագետների եւ գործարարների ընկալումները։ ԿԸՀ-ի հաշվարկման
գործընթացը կանոնավոր կերպով վերանայվում է (վերջին անգամ՝
2017 թվականին Եվրոպական Հանձնաժողովի Համատեղ
հետազոտական կենտրոնի կողմից)՝ համոզվելու համար, որ այն ունի
հնարավորինս կուռ եւ համահունչ ներքին տրամաբանություն։ 2012
թվականից այս կողմ ԿԸՀ յուրաքանչյուր տարվա գնահատականները
համեմատելի են յուրաքանչյուր այլ տարվա գնահատականների հետ։
Ավելի շատ տեղեկատվության համար՝ տե՛ս ԿԸՀ այբուբենը. ինչպես է
հաշվարկվում Կոռուպցիայի ընկալման համաթիվը հոդվածը։

ԿԸՀ 2023 թ. Հայաստանի եւ այլ երկրների արդյունքները
Հայաստանի ԿԸՀ 2023թ. արժեքը նախորդ տարվա համեմատ աճել է 1
միավորով եւ հավասար է 47-ի (2022 թվականին այն 46 միավոր էր)` 0-ից
(բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր)
սանդղակի վրա։ Հաշվի առնելով այն փաստը, որ 2023թ. Հայաստանի ԿԸՀ
չափման ստանդարտ սխալի չափը, որը հավասար է 2.54-ի (2022թ.-ին այն
հավասար էր 2.47-ի), ավելի մեծ է, քան ԿԸՀ արժեքի աճը (1 միավոր), կարելի
է պնդել, որ այս փոփոխությունը վիճակագրորեն նշանակալի չէ կամ գտնվում
է վիճակագրական սխալի սահմաններում (տե՛ս նաեւ ԹԻՀԿ-ի կայքի
«Ռեսուրսներ» բաժնի «Կոռուպցիայի ընկալման համաթիվ (ԿԸՀ)»
ենթաբաժնի «2023 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվ (ԿԸՀ)»
էջում ներկայացված Հաճախակի տրվող հարցեր նյութը):


Ինչպես նշվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի Արեւելյան Եվրոպայի եւ Միջին
Ասիայի տարածաշրջանային վերաբերյալ վերլուծության մեջ. «2018թ.
թավշյա հեղափոխությանն անմիջապես հաջորդած առաջին երկու
տարիներին Հայաստանն (47) ականատես եղավ զգալի ժողովրդավարական
եւ հակակոռուպցիոն բարեփոխումների։ Սակայն հետագա տարիներին
առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում կանգ առավ՝ առաջին հերթին
այդ բարեփոխումների իրականացման սահմանափակ մասշտաբների
պատճառով։ Չնայած նրան, որ Հայաստանն, ինչպես եւ տարածաշրջանի
շատ այլ երկրները, դիմակայում է անվտանգության սպառնալիքներին, այն
ունի բավարար ներուժ՝ հաղթահարելու այդ դժվարությունները եւ կիրարկելու
արդյունավետ քաղաքականություն՝ ավելի կառավարելի դարձնելու համար
կոռուպցիան»։


2023թ.-ի Հայաստանի ԿԸՀ-ի հաշվարկի համար օգտագործված տվյալների
աղբյուրների մասին տե՛ս վերը նշված «2023 թվականի Կոռուպցիայի
ընկալման համաթիվ (ԿԸՀ)» էջի 2023թ. Կոռուպցիայի ընկալման համաթիվը
հաշվարկելու համար օգտագործված աղբյուրները նյութը։ Հարկ է նշել, որ
Հայաստանի ԿԸՀ-ն հաշվարկելու համար օգտագործվել են այն նույն
աղբյուրները, ինչ նախորդ երկու տարիներին՝ 2021 եւ 2022 թվականներին։
Այդ աղբյուրներն են Բերթելսմանի հիմնադրամի 2024 թ. տրանսֆորմացիոն
համաթիվը (BF (TI)), Ֆրիդոմ Հաուսի Անցումային փուլում գտնվող
պետություններ 2023թ. զեկույցի Կոռուպցիա ենթահամաթիվը (FH), Գլոբալ
Ինսայթի Երկրի ռիսկայնության 2022թ. վարկանիշը (GI), Փոլիթիքլ Ռիսքս
Սերվիսիզ Ինթերնեշնլի Երկրի ռիսկայնության 2023թ. Ուղեցույցը (PRS),
Ժողովրդավարության բազմազանության ծրագրի (VDEM) 2023 թ-ի
հրապարակումը եւ Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF)
Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցման
2023թ. հրապարակումը:


1 Տվյալ երկրի ԿԸՀ համաթիվը հանդիսանում է այդ երկրի համաթիվը հաշվարկելու համար
օգտագործված բոլոր աղբյուրների համար հաշվարկված համաթվերի միջին թվաբանականը։
Մասնավորապես, Հայաստանի ԿԸՀ 2023թ. համաթիվը (47) հավասար է վերը նշված

Գծապատկեր 1-ում ներկայացված են Հայաստանի ԿԸՀ արժեքները 2012թ.-
ից մինչեւ 2023թ. ընկած ժամանակահատվածում:
180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման 2023 թ. աղյուսակում Հայաստանը
գրավում է 62-րդ տեղը (2022 թ.-ին Հայաստանը Ռումինիայի հետ կիսում էր
63-ից 64-րդ տեղերը): Գծապատկեր 2-ում ներկայացված են Եվրոպայի
աղբյուրների համաթվերի միջին թվաբանականին։

Խորհրդի անդամ պետությունների, ներառյալ Հայաստանի 2023 ԿԸՀ
արժեքները։
Ինչպես երեւում է Գծապատկերից, որ Հայաստանը ԵԽ երկրների մեջ նույնիսկ
միջին հորիզոնականներում չէ։ Սա նշանակում է, որ Հայաստանը դեռեւս շատ
անելիքներ ունի՝ գրանցելու համար իրական առաջընթաց կոռուպցիայի դեմ
պայքարում։


Ինչպես եւ նախորդ երեք տարիներին, Հայաստանի ԿԸՀ արժեքը 2023
թվականին (47) եւս ավելի բարձր է ԿԸՀ համաշխարհային միջին արժեքից,
որը, ինչպես եւ անցյալ երկու տարիներին, հավասար է 43-ի։ Միեւնույն
ժամանակ այն ցածր է ԿԸՀ այն արժեքից (50), որից ցածր ԿԸՀ արժեք
ունեցող երկրներում, համաձայն հակակոռուպցիոն փորձագետների,
կոռուպցիան հանդիսանում է լուրջ հիմնահարց։ Այն նաեւ գերազանցում է իր
հարեւան երկրների (բացի Վրաստանից) եւ ԵՍՏՄ մյուս բոլոր երկրների
(Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան եւ Ղրղզսստան) 2023 ԿԸՀ
արժեքներից։ Արդյունքում, բացի Վրաստանից, որը 2023 ԿԸՀ
համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է Հայաստանից
ավելի բարձր տեղ (այդ աղյուսակում այն իր ԿԸՀ 53 միավորով կիսում է 49-
ից 52-րդ տեղերը), նշված բոլոր երկրները այդ նույն դասակարգման
աղյուսակում զբաղեցնում են Հայաստանից շատ ավելի ցածր տեղեր։
Մասնավորապես, իր մյուս հարեւաններից Թուրքիան (34) կիսում է 115-ից
120-րդ տեղերը, Իրանը (24)` 149-ից 153-րդ տեղեր, իսկ Ադրբեջանը (23)՝
154-ից 157-րդ տեղերը։ ԵԱՏՄ երկրներից Ղազախստանը (39) զբաղեցնում է
93-ից 96-րդ տեղերը, Բելառուսը (37)՝ 98-ից 103-րդ տեղերը, Ռուսաստանը եւ
Ղրղզստանը (26-ական միավոր)՝ 141-ից 144-րդ տեղերը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլի տարածաշրջանային բաժանմամբ՝
Հայաստանը, ներառված է Արեւելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա
տարածաշրջանի մեջ: Գծապատկեր 3-ում բերված է Արեւելյան Եվրոպա-
Կենտրոնական Ասիա տարածաշրջանի 2023թ. ԿԸՀ դասակարգման
աղյուսակը` ներառյալ նրա բոլոր երկրների բոլոր աղբյուրների հաշվարկված
համաթվերը։