Հայաստանի ուսանողների համար գործում է «Ներդրի՛ր տաղանդդ Իտալիայում» կրթաթոշակային ծրագիր. ԿԳՄՍՆ

Մեկնարկել է 2024-2025 թթ. ակադեմիական տարվա «Ներդրի՛ր տաղանդդ Իտալիայում» կրթաթոշակային ծրագրի գրանցման փուլը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ծրագիրը ճարտարագիտության, բարձրագույն տեխնոլոգիաների, տնտեսագիտության, ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետների ուսանողներին Իտալիայում ուսումը շարունակելու հնարավորություն է ընձեռում: Կրթաթոշակները տրվում են իտալական բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական դասընթացների համար: 

Ըստ աղբյուրի՝ գրանցումների վերջնաժամկետը 2024 թվականի մարտի 1-ն է: Ծրագրի մանրամասները հասանելի են հետևյալ հղումով:

Նշվում է, որ ծրագիրն իրականացվում է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության կողմից՝ Իտալիայի առևտրական գործակալության և ակադեմիական առաջխաղացման ու ուսումնական կողմնորոշման կենտրոնի («UNI-ITALIA») հետ համագործակցությամբ: