ՀՀ-ն ակնկալում է, որ ՌԴ-ն ջանքեր կգործադրի հայ գերիներին վերադարձնելու. Հակոբ Արշակյանը՝ Ռուսաստանի ԴԺ ԴԽ փոխնախագահին

Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Ռուս գործընկերները մեր երկիր են այցելել լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

Աշխատանքային հանդիպման ձևաչափով ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ միջխորհրդարանական համագործակցության շրջանակում հանձնաժողովը բաց և կառուցողական երկխոսության պահանջված հարթակ է:

Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներն ու մարտահրավերները, հայկական կողմին մտահոգող խնդիրները: Հակոբ Արշակյանը ռուս գործընկերներին մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման, Բաքվի էթնիկ զտումների քաղաքականության հետևանքները, նշել, որ մինչ օրս լուծված չեն հումանիտար բազմաթիվ հարցեր:

«Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանի Դաշնությունը ջանքեր կգործադրի հայ գերիներին Հայաստան վերադարձնելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու համար»,- արձանագրել է Հակոբ Արշակյանը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բարդ գործընթացը և արձանագրել.

«Չնայած մարտահրավերներին` Հայաստանը վճռական է և ունի ամուր քաղաքական կամք Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար: Դրա կարևոր բաղադրիչներից է ՀՀ կառավարության առաջադրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Հայաստանի դիրքորոշումը նույնն է. մենք պետք է խաղաղ հարաբերություններ հաստատենք՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա»:

ՌԴ ԴԺ ԴԽ փոխնախագահն անդրադարձել է մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման կարևորությանը, միջռեգիոնալ համագործակցության խթանմանը, ներկայացրել տարբեր միջոցառումների շրջանակում համատեղ իրականացվելիք քայլերը:

Հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցում Յուրի Վորոբյովն ընդգծել է խորհրդարանականների նշանակալի դերակատարությունը: Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին՝ Յուրի Վորոբյովը փաստել է, որ Ռուսաստանը մշտապես փորձել է և կշարունակի աջակցել այս բարդ քաղաքական գործընթացի խաղաղ կարգավորմանը:

ՌԴ ԴԺ ԴԽ փոխնախագահը Հակոբ Արշակյանին որպես պատվավոր հյուր հրավիրել է Վոլոգդայի մարզում հուլիսի 4-7-ն անցկացվելիք «Ավանդույթների ժառանգներ» ժողովրդական մշակույթի մանկական փառատոնի եզրափակիչ փուլի բացման արարողությանը: Առաջարկն ընդունվել է հայկական կողմից: Նշվել է, որ միջոցառմանը կհրավիրվեն նաև երեխաներ Հայաստանից:

ԵԱՏՄ շրջանակում խորհրդարանական համագործակցության ակտիվացման կարևորությանն ու ընթացիկ խնդիրներին են անդրադարձել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի ներկայացուցիչ Գուրգեն Արսենյանը և ռուսական կողմից՝ Կազբեկ Տայսաևը:

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման հարցում ընդգծվել է օրենսդիրների զգալի դերը: Աշխատանքային հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահն առաջարկել է միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստն անցկացնել ընթացիկ տարվա երկրորդ կեսին, Դիլիջանում: