Ֆրանսիայի և Նիդեռլանդների ԱԳՆ-ները կանչել են Ռուսաստանի դեսպաններին` Նավալնիի մահվան կապակցությամբ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Փարիզում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովին՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Բուենոս Այրեսում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն։

«Այսօր ես խնդրեցի Ռուսաստանի դեսպանին կանչել Ֆրանսիայի ԱԳՆ», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Բացի այդ, Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ Նիդեռլանդների ԱԳՆ են կանչել այդ երկրում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Տարաբրինին։ Այդ մասին X-ում հայտնել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Հանկե Բրյուինս Սլոտը՝ նշելով, որ ՌԴ դեսպանին կանչել է Նավալնիի մահվան համար պարզաբանում խնդրելու։

«Մենք հաստատակամորեն Ռուսաստանին կոչ ենք անում հանձնել Նավալնիի մարմինը նրա ընտանիքին և հարազատներին», – գրել է նա:

Ալեքսեյ Նավալնին, որը 30 տարվա ազատազրկման էր դատապարտված, մահացել է փետրվարի 16-ին։