Ալեն Դելոնի տնից մի քանի տասնյակ միավոր հրաձգային զենք են առգրավել

Ֆրանսիայի ժանդարմները ավելի քան 50 հրազեն են առգրավել 88-ամյա դերասան Ալեն Դելոնի տնից, հնարավոր է, նրա առողջական վիճակի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Le Parisien թերթը։

«Անցած շաբաթվա վերջին ժանդարմները հիսունից ավելի հրաձգային զենք են առգրավել Ալեն Դելոնի տնից», – գրում է թերթը։

Նշվում է, որ Դելոնը թույլտվություններ ունի իրեն պատկանող զենքի համար, սակայն այն առգրավվել է՝ դատարանի որոշման համաձայն։ Թերթը որպես հնարավոր պատճառ նշում է դերասանի «թույլ առողջական վիճակի» հետ կապված՝ նրա երեխաների մտավախությունները։ Դելոնին խնամող Հիրոմի Ռոլենի փաստաբանը հրատարակությանը հայտնել է, թե Ռոլենը մտահոգված է, որ Դելոնը բուժում չի ստանում, և դրա հետ մեկտեղ նրա տանը շատ զենք կա։

Դելոնի առողջական վիճակը վերջին ժամանակներս վեճերի առարկա է դարձել նրա ընտանիքի անդամների և մերձավորների շրջանում։ Հաղորդվել է, որ դատախազությունը նախաքննություն է սկսել այն բանից հետո, երբ դերասանի կրտսեր որդին` Ալեն Ֆաբիեն, գանգատ է ներկայացրել իր քրոջ՝ Անուշկայի նկատմամբ, որն, իբր, չարաշահել է հոր անտեղյակությունն ու թուլությունը։ Դելոնին խնամող Հիրոմի Ռոլենն իր հերթին նամակ է գրել դատախազություն, որում նրա զավակներին մեղադրել է ֆրանսիացի կինոաստղի «կանխամտածված սպանության փորձի» մեջ։