Շնորհակալ ենք այն ժողովրդավար միջավայրի համար, որ այսօր տեսնում ենք Հայաստանում. Էվա Բուսզա

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 28-ին ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

«Խորհրդարանի նախագահը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ԱՄՆ-ի դերակատարումը Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում ու կարևորել ԱՄՆ օժանդակությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական համակարգային բարեփոխումներին:

«Հայաստանը հանձնառու է ժողովրդավարության խթանմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին: ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումները միտված են պետական մարմինների գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացմանը»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով Ազգային ժողովրդավարության ինստիտուտի գործունեությանը՝ ԱԺ նախագահը կարևորել է ԱԺԻ գրասենյակի վերաբացումը Հայաստանում և գոհունակությամբ արձանագրել տարիներ ի վեր հաստատված համագործակցության շրջանակում իրականացված համատեղ ծրագրերի արդյունավետությունը:

Էվա Բուսզան շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին ջերմ ընդունելության և Ազգային ժողովրդավարության ինստիտուտի գործունեությանն աջակցելու համար:

«Ձեր դերը շատ կարևոր է մեր ծրագրերի իրականացման հարցում: Շնորհակալ ենք արդյունավետ աշխատանքի և այն ժողովրդավար միջավայրի համար, որ այսօր տեսնում ենք Հայաստանում»,- նշել է Էվա Բուսզան:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շրջանակում համագործակցության ընդլայնման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ: