«Ընտրություններում մեր հիմնական մարտահրավերը լինելու են հիասթափված մարդիկ». Ալեն Սիմոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը

– Սպասվող արտահերթ ընտրություններից իշխանությունն ի՞նչ սպասելիքներ ունի՝ հաշվի առնելով, որ հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հասարակության 42 տոկոսն ընդհանրապես անտարբեր է ընտրական գործընթացների նկատմամբ: Մտավախություն չունե՞ք, որ հանրության շատ քիչ հատվածը կմասնակցի ընտրություններին:

– Մտավախություն, բնական է, կա, և կարծում եմ՝ դա մեզ համար ամենակարևոր մարտահրավերն է: Այս անգամ մենք, կարելի է ասել, հաշվի առնելով նույն ձեր մատնանշած հարցումները, որոնց համաձայն կա շատ մեծ տոկոս, որը հիասթափված է և չի ուզում մասնակցել, այդ նույն հարցումները ցույց են տալիս, որ քաղաքական ուժերի շարքում երկրորդ տեղը գրավածը շատ հետ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, հետևաբար մեր հիմնական մարտահրավերը լինելու են այդ հիասթափված մարդիկ, որոնց հետ զրուցելու, բացատրելու, արդարանալու, ինչու ոչ՝ բացատրվելու կարիք ենք ունենալու: 

– Քաղաքացիներին, որոնք իշխանությանը տարբեր կերպ են բնորոշում՝ է՛լ դավաճան, է՛լ ապիկար, ինչպե՞ս պետք է հակառակում ապացուցեք: 

– Այդ մարդկանց ապացուցելու բան չկա: Դա էմոցիոնալ ֆոն է, որը ստեղծել են որոշ մարդիկ, որովհետև Հայաստանում դավաճան չկա: Քաղաքական առումով ես չեմ համարում, որ կարելի է ինչ-որ մի խումբ մարդկանց, ինչ-որ քաղաքական ուժի դավաճան անվանել:

Բնական է, որ սա շատ ավելի ընդհանուր գնահատական է, բնական է, որ կան որոշ մարդիկ, որոնք քրեորեն պատժելի արարք են գործել, դրա մասին չի խոսքը, բայց ես չեմ համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում դավաճան կա, և մենք՝ հայերս, պետք է մեկս մյուսի մեջ թշնամիներ փնտրենք պատերազմի հետ կապված, որովհետև, ըստ իս՝ մեղավոր ենք բոլորս:

– Բայց Բաղրամյան պողոտայում հավաքվածները հենց այդպիսի պիտակներ են տալիս իշխանություններին:

– Բաղրամյան պողոտայում հավաքված մարդիկ շատ քիչ են, դրա համար էլ Բաղրամյան պողոտայում սկսված քաղաքական պրոցեսը այդ նույն պիտակավորումների, վիրավորանքների, բռնության կոչերի պատճառով չի հաջողում:

Դա է նաև ձախողման պատճառներից մեկը: Մեծ առումով, Հայաստանում դավաճան չկա: Քաղաքական առումով ես դեմ եմ, որ մեր բառապաշարի մեջ որևէ մեկի հանդեպ նման որակում կիրառենք: 

– Այժմ կարևոր դիսկուրսն այն է, թե ո՛ր Ընտրական օրենսգրքով են տեղի ունենալու ընտրությունները՝ գործո՞ղ օրենսգրքով, թե՞ նորով: Իշխանությունն արդեն ունի՞ վերջնական որոշում:

– Իշխանության որոշումը կախված է բանակցություններից, թե որքանով է դա տեխնիկապես հնարավոր կարճ ժամանակահատվածում իրագործել: Իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություն պետք է արվի, և, այնուամենայնիվ, անցկացրել է Հայաստանի պատմության մեջ ամենալավ ընտրությունները հին Ընտրական օրենսգրքով: 

– Կարծիքներ են հնչում, որ «Իմ քայլը» այս ընտրություններին չպետք է մասնակցի, որ մենք այլ տիպի խորհրդարան ունենանք: Ինչպե՞ս եք վերաբերվում նման կարծիքներին:

– Դա անհեթեթություն է: Ի՞նչ է նշանակում՝ «Իմ քայլը» չունենա մասնակցություն ընտրություններին: Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ բնակչության 35-45 տոկոսը պատրաստ է «Իմ քայլին» ձայն տալ, 42 տոկոսն ընդհանրապես չի ուզում ընտրական պրոցեսին մասնակցել:

Հիմա եթե ամենաքիչը 35 տոկոս քվե ունեցող «Իմ քայլն» էլ չմասնակցի, բա ո՞վ մասնակցի ընտրություններին, Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Դաշնակցությունը և Վազգեն Մանուկյա՞նը, որոնք բոլորը միասին 2-3 տոկոս չեն կարողանում ձևավորել: Լավ, թող 10 տոկոս ձևավորեն: Այսինքն՝ դաշտը ո՞ւմ թողնենք: 

– Ձեր կարծիքով՝ Ընտրական օրենսգիրքը փոխվելո՞ւ է, թե՞ ոչ, և եթե չհասցնեք փոխել, հնարավո՞ր է գոնե միայն ռեյտինգային ընտրակարգին վերաբերող դրույթը փոխել: 

– Հնարավոր է, բայց վստահ չեմ կարող ասել: Չեմ բացառում նաև որևիցե ձևով Ընտրական օրենսգրքին ընդհանրապես ձեռք չտալու տրամաբանությունը, որովհետև, ինչպես ասվում է՝ լավ ընտրություններ կարելի է անել այս օրենսգրքով, և վատ ընտրություն կարելի է անել նաև նոր օրենսգրքով: Ուստի չեմ ուզում որոշիչ համարել դա: 

Միաժամանակ ցավում եմ, որ շատ գործընկերներ, ինչպիսիք ՀԱԿ-ն է, «Քաղաքացու որոշում» կուսակցությունն է, հայտարարել են, որ չեն մասնակցելու այդ պատճառով:

Ես շատ կուզեի, որ մեր այդ գործընկերները, որոնց հետ թեկուզ ունենք քաղաքական տարաձայնություններ, այնուամենայնիվ մասնակցեին ընտրություններին:

Ես կոչ եմ անում ՀԱԿ-ին, որ վերանայի իր որոշումը և մասնակցի ընտրություններին, որովհետև կարծում եմ՝ քաղաքական դաշտում բոլոր դերակատարները ներդրում ունեն, կարող են ներդրում ունենալ: Սա այն պահն է, որ պետք է իրենց հայտը ներկայացնեն: 

– Փաստորեն այն ուժերին, որոնք հայտարարում են, որ կմասնակցեն ընտրություններին, մրցակից չե՞ք դիտարկում՝ հաշվի առնելով, որ ասում եք՝ առաջին տեղում մենք ենք, երկրորդ տեղը զբաղեցնողը զգալի տարբերությամբ զիջում է:

– Մեր իրական մրցակիցը մենք ինքներս ենք, մեր իրական մրցակիցն այն թիվն է, որը մենք ունեցել ենք 2018-ի դեկտեմբերին, և մեր իրական մարտահրավերը հիասթափված մարդիկ են:

Այդ մարդկանց մենք պետք է հուսախաբ չանենք, նոր հետո մնացածը: Ես մաքուր ընտրություններով 72 տոկոս ձայն հավաքած ուժի ներկայացուցիչ եմ, ես ամենաշատ ձայն հավաքած ռեյտինգային պատգամավորներից մեկն եմ: Ինձ համար ամենակարևորն է, որ ես կարողանամ մարդկանց մոտ հավատը հետ բերել, կարողանամ իրավիճակը ճիշտ բացատրել: 

– Դուք էլ եք նշում, որ Բաղրամյան պողոտայում քիչ մարդ է հավաքվում, վերջին օրերին վրանները գրեթե առանց մարդկանց են մնացել: Ե՞րբ է բացվելու պողոտան, դուք ԱԺ փոխնախագահ եք, այս հարցը ձեզ չի՞ մտահոգում:

– Ճիշտն ասած, մտահոգում է, բայց միաժամանակ ես հարգանքով եմ վերաբերվում մեր ընդդիմադիր գործիչների կարծիքին, նրանց իրավունքներին:

Գիտակցելով, որ իրենք ուզում են, որ ոստիկանությունը ինչ-որ գործողություն անի, բացի փողոցը, և իրենք դրանից հետո ևս 10 օրով կարողանան փակել Բաղրամյան պողոտան, հույս ունեմ, նրանց գիտակցությունն այնքան կլինի, որ իրենք ինքնուրույն կազատեն Բաղրամյան և Դեմիրճյան փողոցները:

Հակառակ պարագայում կարծում եմ՝ այս պահին միայն իրենք են տուժում, որովհետև քաղաքացիներին դա ահավոր նյարդայնացնում է:

– Երբ վարչապետը հրաժարական տա, իշխանությունը մտավախություն չունի՞, որ ինչ-որ մութ գործընթացներ են տեղի ունենում, և վտանգ կա իշխանության համար:

– Ո՛չ, չունի, որովհետև «Իմ քայլը» խմբակցությունը պինդ է, վարչապետը լինելու է պաշտոնակատարը: Հայաստանի քաղաքացիների մի մեծ ստվար զանգված սատարում է իշխանությանը:

Դուք շատ լավ գիտեք, որ տարբեր երկրներում գործող իշխանությունը, եթե ունենում է 10, 20, 30 տոկոս վարկանիշ, դա բավականին մեծ ցուցանիշ է, իսկ այսօր գործող իշխանությունը, չնայած այն իրավիճակին, որը տեղի ունեցավ, այնուամենայնիվ, շարունակում է բավականին մեծ չափով վայելել մեր համաքաղաքացիների վստահությունը: Եկեք ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանը, ժողովրդի սատարումն ունենալով, բավականին անձեռնմխելի է: 

Մանե Հարությունյան

MediaLab.am