Ապրիլ-հուլիս ամիսներին պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

Կառավարության ընդունած որոշմամբ՝ ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ երեք ամիս ժամկետով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության համապատասխան որոշումը ներառված էր մարտի 14-ի նիստի օրակարգում։

Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 435 քաղաքացի, որոնցից 128-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 9-ը` ավագ ենթասպայական կազմի, 298-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման   վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ: